Ով է ում լքել․ մանրամասներ Քիմ Քարդաշյանի ամուսնալուծության մասին

Ռեփերն աջ ու ձախ պատմում է, որ արդեն գրեթե 1 տարի է՝ պատրաստվում էր բաժանմանն ու բազմիցս ակնարկել է ամուսնալուծության մասին, բայց նրան ոչ ոք չի հավատում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik․ Հայտնի ռեփեր Քանյե Ուեսթին զայրացրել են հրապարակումներն այն մասին, թե հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն է որոշել ամուսնալուծվել։ Տեղեկությունը հայտնում է Page six պարբերականը։

Քարդաշյան քույրերն ու նրանց մայրը Բայդենին հորդորում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Նա նշում է, որ հենց ինքն է դարձել բաժանման նախաձեռնողը, սակայն նախկին կնոջը հնարավորություն է տվել առաջինը ամուսնալուծության հայց ներկայացնել։ Նրան հունից հանում են նաև Քարդաշյանների ընտանիքի կողմից տարածվող լուրերն այն մասին, որ Քիմն է իրեն լքել։ Ռեփերը բոլորին պատմում է, թե ինչպես է գրեթե մեկ տարի պատրաստվել բաժանմանը և բազմիցս ակնարկել, որ Քարդաշյանի հետ նրան կապում են միայն երեխաները: Ասում է՝ իբրև թե ամեն կերպ փորձել է հեռանալ, բայց Քիմը թույլ չի տվել և փորձել է պահպանել ընտանիքը։

Պարբերականը նաև նշում է, որ զույգը դադարել է շփվել։ Ավելին, հեռանալուց հետո Քանյեն փոխել է հեռախոսահամարը և պահանջել, որ Քիմն իր հետ շփվի անվտանգության ծառայության միջոցով, իսկ կնոջ փաստաբանները կապ պահեն իր փաստաբանների հետ:

Քիմ Քարդաշյանն ապահարզանի համար դիմել է այս տարվա փետրվարի կեսերին։ Բաժանման պատճառը նա անվանել է «անհաղթահարելի տարաձայնությունները»։

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն ամուսնացել են 2014-ի մայիսին։ Աստղերն ունեն 4 երեխա՝ 7-ամյա Նորթը, 5-ամյա Սեյնթը, 3-ամյա Չիկագոն և 2-ամյա Պսալման։ Վերջին երկու երեխաներին լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը։

Քիմ Քարդաշյանը միլիարդատեր է դարձել և ընդգրկվել աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում

Քիմը նախկինում արդեն հասցրել է երկու անգամ ամուսնանալ։ 2000 թվականին՝ 19 տարեկանում Քիմն ամուսնացել է 29-ամյա երաժշտական պրոդյուսեր Դեյմոն Թոմասի հետ։ Նրանք բաժանվել են 2004-ին: 2011-ին Քիմն ամուսնացել է բասկետբոլիստ Քրիս Համֆրիսի հետ։ Նրանց ամուսնությունը տևել է 72 օր: Իսկ Քանյե Ուեսթն ավելի վաղ՝ 2006-2008 թվականներին, նշանվել էր դիզայներ Ալեքսիս Ֆայֆերի հետ։