ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. Երևանի Պռոշյան փողոցում` կառավարական առանձնատների մուտքի մոտ, բողոքի ակցիա է կազմակերպվել` ի զորակցություն Սյունիքի ու հանուն հայրենիքի։
Ակցիայի կազմակերպիչ, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը հավաքվածներին հայտարարեց. «Տեղեկություններն արդեն ստացվում են, Վայոց Ձորն արդեն անցել է, քիչ անց լինելու է Երևանում և տեսնելու է, որ միայն Սյունիքը չէ, Սյունիքում առանձին մարդիկ չեն, որ նրա դեմ ոտքի կանգնեցին։ Հայ ժողովուրդն է ոտքի կանգնած»,– ասաց Մանուկյանը` հավելելով, որ Նիկոլ Փաշինյանը մնացել է միայն ԱԱԾ–ի ու ոստիկանության հույսին և փորձում է ուժային կառույցներով պաշտպանվել։
Ակցիայի մասնակիցներն այս պահին հավաքված են Պռոշյան փողոցի` կառավարական առանձնատներ տանող ճանապարհի հակառակ մայթին։ Իսկ առանձնատների մուտքը հսկում են ոստիկանության մեծաքանակ ուժերը։
Ինչո՞ւ է Փաշինյանն ամեն գնով այցելում Սյունիք, կամ ե՞րբ սյունեցին կտոնի իր հաղթանակը
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանն ապրիլի 20-ից Սյունիքի մարզում էր։ Գիշերը նա այցելել է Շուռնուխ համայնք, որտեղ բնակիչները վարչապետին ընդունել էին վրդովմունքով։
Այսօր Փաշինյանին վիրավորական արտահայտություններով ու բողոքի ակցիաներով էին դիմավորել նաև Ագարակում, Մեղրիում ու Կապանում: