Փաշինյանի ավտոշարասյունը կարողացավ մուտք գործել կառավարական առանձնատների տարածք. տեսանյութ

Sputnik Արմենիայի տեսախցիկն արձանագրել է` ինչպես է վարչապետին ուղեկցող ավտոշարասյունն անցնում Գրիգոր Լուսավորչի փողոցով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյանը հաջողվել է քաղաքացիներից աննկատ մուտք գործել կառավարական առանձնատների տարածք։

Երևանի Պռոշյան փողոցում, առանձնատների մուտքի մոտ բողոքի ակցիայի կազմակերպիչներից ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը հավաքվածներին հայտնեց, որ Փաշինյանին հաջողվել է այլ ճանապարհով մուտք գործել տարածք ու իրեն սպասողների բազմությունը։

«Մեզ նոր տեղեկացրեցին, որ նա վախեցավ մեզանից ու այստեղով մուտք չի գործելու և փորձելու է մուտք գործել ձորով` մյուս մուտքով, որտեղ մեր մյուս հայրենակիցներ ևս փակել էին։ Բայց ոստիկաններին հաջողվել է նրան աննկատ ուղեկցել իր տուն»,– ակցիայի մասնակիցներին ասաց Մանուկյանը։

Նշենք, որ Sputnik Արմենիայի տեսախցիկը վարչապետին ուղեկցող ավտոշարասյունն արձանագրել է Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցում, որտեղից նա, ըստ ամենայնի, ուղևորվել է դեպի Հրազդանի կիրճ։

Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանն ապրիլի 20-ից Սյունիքի մարզում էր։ Գիշերը նա այցելել էր Շուռնուխ համայնք, որտեղ բնակիչները վարչապետին ընդունել էին վրդովմունքով։

Այսօր Փաշինյանին վիրավորական արտահայտություններով ու բողոքի ակցիաներով էին դիմավորել նաև Ագարակում, Մեղրիում ու Կապանում:

«Որոշում է կայացվել Սյունիքի սահմանագիծը համաձայնեցնել ՀԱՊԿ սահմանագծին». Նիկոլ Փաշինյան