ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. Արցախյան պատերազմի ժամանակ եղել են ցեղասպանության տարրեր։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը։
«Ցեղասպանության տարրեր եղել են Արցախյան պատերազմի օրերին` խոսքը խաղաղ բնակչության նկատմամբ կիրառվող բռնությունների, ռմբահարումների մասին է։ Բացի այդ, խաղաղ բնակչությանն իրենց բնակավայրերից արտաքսումը նույնպես ցեղասպան դրսևորում է»,–ասաց Մարությանը։
Նա հավելեց նաև, որ պատերազմի առաջին օրվանից փորձել են կապվել իրենց գիտական գործընկերների հետ, և շուրջ 160 նամակներ են ուղարկել ցեղասպանության թանգարաններ, գիտական կենտրոններ։ Որոշ կենտրոններից արձագանքներ եղել են, որոշները լռել են։
Մարությանի խոսքով` բացի այդ, պատերազմը ցույց տվեց, որ մենք օտար լեզվով մեր գիտական նյութերը ներկայացնելու խնդիր ունենք։ Հենց դրա հետ կապված էլ 2022-ին գիտաժողով կանցկացվի, որը կանդրադառնա այն թեմային, թե ինչպես է պետք դասավանդել Հայոց ցեղասպանության թեման։ Մարությանը նշեց` այստեղ աշխատելու և մտածելու տեղ կա։
Ցեղասպանության թանգարան–ինստիտուտի քաղաքականությունը փոխելու փորձ չի եղել. Մարության
Նա հայտնեց նաև, որ թանգարան–ինստիտուտի ներքին ռեսուրսներով խումբ են բացել, որը կուսումնասիրի արցախյան հիմնահարցը, Նախիջևանի հայության նկատմամբ 20-21-րդ դարերում իրականացված բռնությունները։