Նախագահը աջակցություն կցուցաբերի Շուռնուխի ու Որոտանի բնակիչներին. տեսանյութ

Գյուղերի բնակիչները նախագահին ներկայացրել են մի շարք սոցիալական խնդիրներ՝ մասնավորապես կապված անասնապահության, ջրամատակարարման, գազամատակարարման, ինչպես նաև գյուղատնտեսական վարկերի մարման հետ:
Sputnik

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ այցելել է Սյունիքի մարզ։ Տեղեկությունը հայտնում է նախագահի կայքը։

Գորիս-Կապան մայրուղու սկզբնամասում գտնվող ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վերահսկիչ անցակետում նախագահը ծանոթացել է ծառայության պայմաններին, զրուցել զինծառայողների հետ:

«Դուք ծառայություն եք իրականացնում շատ կարևոր դիրքում։ Ամուր եղեք, առողջ եղեք: Բոլորիդ բարի ծառայություն», - ասել է նա զինծառայողներին։

«Եկել եմ իմ աչքերով տեսնելու»․ ՀՀ նախագահը հանդիպել է մի շարք համայնքների ղեկավարների հետ

Այնուհետև Սարգսյանը մարդու իրավունքների պաշտպանի հետ այցելել է Շուռնուխ համայնք, հանդիպել Շուռնուխի և Որոտանի ղեկավարների ու բնակիչների հետ։ Նախագահին են ներկայացվել առկա խնդիրները, հատկապես ընդգծվել են անվտանգության, պատշաճ կարգով սահմանազատման հետ կապված հարցերը։ Բնակիչները տեղեկացրել են, որ գյուղում սկսվել է նոր թաղամասի կառուցումը, որի տեղանքը, սակայն, նրանք այնքան էլ բարենպաստ չեն համարում: Շուռնուխցիները կենսական խնդիր են համարել իրենց միակ եկամտի աղբյուր հանդիսացող անասնապահության հնարավորությունից զրկվելը. պատերազմից հետո գյուղը զրկվել է արոտավայրերից, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են: Բացի այդ, անասուններն անցնում են այդ տարածքներ և չեն վերադարձվում, ինչը հավելյալ խնդիրներ է առաջացնում։ Բնակիչները ներկայացրել են նաև մի շարք սոցիալական խնդիրներ՝ մասնավորապես կապված ջրամատակարարման, գազամատակարարման, ինչպես նաև գյուղատնտեսական վարկերի մարման հետ:

Արձագանքելով սյունեցիների բարձրացրած հարցերին և ընդգծելով հատկապես անվտանգության, զբաղվածության և սոցիալական խնդիրների կարևորությունը՝ հանրապետության նախագահը Շուռնուխ և Որոտան բնակավայրերի ղեկավարներին առաջարկել է դրանք մանրամասն քննարկել նախագահի աշխատակազմի հետ՝ նախագահական ինստիտուտի լիազորությունների շրջանակում հնարավոր աջակցություն ցուցաբերելու համար։

Ի՞նչ են պարզել Արմեն Սարգսյանն ու Արման Թաթոյանը Սյունիքում. ՄԻՊ–ը մանրամասներ է հայտնում

Հիշեցնենք, որ 2020–ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո սահմանային իրավիճակը փոխվել է ոչ միայն Արցախում, այլև ՀՀ որոշ մարզերում` Գեղարքունիքում, Սյունիքում։ 

ՀՀ պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 20–ին տեղեկացրել է, որ ռուս սահմանապահ ուժեր կտեղակայվեն Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածում, որի մյուս կողմում տեղակայվել են ադրբեջանցի զինծառայողներ։

Հունվարի 5-ին Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի 11 տները հանձնվեցին ադրբեջանցիներին։ Փետրվարի 5-ին մարզի Ներքին Խնձորեսկ գյուղից հայկական զինծառայողները նահանջել են՝ թշնամուն թողնելով 15 հեկտար հողատարածք։ Մոտ 10 տուն էլ կորցրել ենք Որոտան գյուղում։