Կկանխի՞ արդյոք Հայաստանը Ադրբեջանի մուտքը ԵԱՏՄ

Մինչ վերջերս Ադրբեջանն ակնհայտ հետաքրքրություն չէր դրսևորում Եվրասիական տնտեսական միության անդամ դառնալու նկատմամբ. պարզ էր, որ նման հարցերի լուծման ժամանակ վետոյի իրավունք ունեցող Հայաստանը դեմ կլինի դրան։
Sputnik

Այժմ, երբ նոյեմբերի եռակողմ հայտարարության համաձայն կողմերը որոշակի պարտավորություններ են ստանձնել լարվածությունը նվազեցնելու համար, ԵԱՏՄ–ին Ադրբեջանի անդամակցության թեման կրկին արդիական է դառնում։ Sputnik Արմենիայի մեկնաբանը վերլուծում է իրավիճակի հնարավոր զարգացման հեռանկարները։

Միջնորդները դռնից դուրս չեկան, կամ Ալիևը փոխե՞լ է վերաբերմունքը բանակցությունների հարցում

Ապրիլի 29–ին Կազանում իր աշխատանքն է սկսում Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստը։ Մի շարք վստահելի աղբյուրներ վկայում են այն մասին, որ այդ նիստին մասնակցելու է Ադրբեջանի կառավարական պատվիրակությունը։ Դատելով ամեն ինչից` դա կնշանավորի աշխատանքների մեկնարկը` ուղղված եթե ոչ Ադրբեջանի անդամակցութանը կազմակերպությանը, ապա գոնե լայն տնտեսական ինտեգրմանը։ Սկզբի համար դա կարող է լինել Ադրբեջանին դիտորդի կարգավիճակ տրամադրելը, որը ներկայում ունեն Մոլդովան, Տաջիկստանը և Կուբան։

Հաջորդ քայլը կարող է դառնալ ազատ առևտրի գոտում ներգրավվելը, ինչպես դա եղել է Սերբիայի, Վիետնամի, Իրանի և Սինգապուրի դեպքում։ Բայց բանն այն է, որ բոլոր դեպքերում պարտադիր պետք է լինի կազմակերպության բոլոր անդամների համաձայնությունը։ Նշանակում է` Ադրբեջանի ինտեգրման հեռանկարը կախված է նրանից` կօգտվի՞ արդյոք Հայաստանը վետոյի իրավունքից, թե՞ կնախընտրի չանել դա։

Առայժմ դժվար է հասկանալ, թե որ փուլում է հարցի լուծումը։ Բավական հակասական տեղեկություններ են ստացվում։ Ռուսաստանի ԱԳՆ–ն ռուսական մեդիային պատասխանել է, որ Ադրբեջանի մասնակցության հարցը ԵԱՏՄ գալիք միջկառավարական խորհրդի նիստին իսկապես քննարկվում է, բայց ոչ մի որոշում դեռ չկա։ Միաժամանակ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի օգնական Իյա Մալկինան Sputnik գործակալությանը հայտնել է, որ Ադրբեջանին նիստի մասնակցության հրավեր է ուղարկվել։

Քաղաքականացված էներգետիկան, կամ ՀՀ-ում նոր ԱԷԿ-ի կառուցմանը Բաքուն ամեն կերպ խանգարելու է

Դժվար է հասկանալ` կարելի՞ է հրավեր ուղարկել, եթե այդ հարցի շուրջ դեռ չեն հանգել համաձայնության։ Ամեն դեպքում երևում է, որ կազմակերպության մնացած անդամները, Հայաստանից բացի, ողջունում են Ադրբեջանին ներգրավելու գաղափարը և տրամադրված են համոզել Հայաստանին չխոչընդոտել դրան։

Միամտություն կլիներ հուսալը, որ Հայաստանն այդքան հեշտ հավանություն կտա երկրի ինտեգրմանը ԵԱՏՄ–ին, որի հետ դեռ կես տարի առաջ պատերազմում էր, և որը մինչ օրս հրաժարվում է վերադարձնել ռազմագերիներին։ Նույնքան միամիտ կլիներ այն համոզմունքը, որ Հայաստանը մինչև վերջ վճռական կլինի։ Դատելով ամեն ինչից` վաղ թե ուշ կգտնվի փոխզիջում, որը թույլ կտա Ադրբեջանին ինտեգրվել ԵԱՏՄ կառույցներին։

Երևանում չեն հերքում, որ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում իսկապես քննարկվում է Ադրբեջանի պատվիրակության մասնակցության հարցը, և որ Հայաստանը կոնկրետ դիրքորոշում ունի այդ հարցում։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ապրիլի 16–ին հասկացրել է, որ Երևանը կարող է արգելափակել նիստին Բաքվի ներկայացուցիչների մասնակցությունը, եթե չտրվեն որոշ հարցերի պատասխաններ։

«Կա ֆորմալ գործընթաց, որն առաջիկա օրերին կավարտվի։ Այդ գործընթացը ենթադրում է համաձայնեցում։ Օրը կգա և մենք կասենք այո կամ ոչ»,–հայտարարել է Գրիգորյանը։

Նա չի բացառել, որ այդ հարցի քննարկման համատեքստում դիտարկվելու են հայկական կողմի պահանջները, որոնք վերաբերում են Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության իրագործմանը, որը նախատեսում է ռազմագերիների վերադարձ։

Ըստ երևույթին, այդ հարցի շուրջ ոչ անմիջական երկխոսություն կընթանա։ Փոխվարչապետի խոսքերից պարզ է դառնում, որ խնդիրը պետք է քննարկել ռուսական կողմի հետ, որն ավելի շատ է շահագրգռված ԵԱՏՄ–ին Ադրբեջանի ինտեգրմամբ, քան Ադրբեջանն ինքը։ Մոսկվան իր հերթին որոնելու է մեխանիզմներ, որոնք կառուցողականության կմղեն Բաքվին։ Ադրբեջանի ինտեգրմամբ բավական հետաքրքրված են նաև Բելառուսը և Ղազախստանը։

Էրդողանի մահակը, կամ նա Բայդենին ակնարկում է`Ցեղասպանության ճանաչումը թանկ կնստի ԱՄՆ–ի վրա

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի օգնական Իյա Մալկինայի խոսքով` Ադրբեջանին միջկառավարական խորհրդի նիստին հրավիրելու նախաձեռնությունը բխել է Ղազախստանի ղեկավարությունից։ Հիշեցնեմ, որ ժամանակին Նուրսուլթան Նազարբաևն առաջարկել է քննարկել է ՀԱՊԿ–ում Ադրբեջանին դիտորդի կարգավիճակ տրամադրելու հարցը։ Հայաստանն այդ ժամանակ կտրուկ դեմ է եղել, և թեման նույնիսկ չի մտել օրակարգ։

Պաշտոնական Մինսկը նույնպես բավական ակտիվ է Եվրասիական գործընկերության կառույցներում Բաքվի շահերն առաջ մղելու հարցում։ Անցած շաբաթ ռուսական ԶԼՄ–ներում հիմնավորված առաջարկություն է հայտնվել այն մասին, որ Ադրբեջանի` ԵԱՏՄ–ի անդամ դառնալու հարցում Բելառուսը խաղում է հիմնական միջնորդի դերը։

Դատելով ամեն ինչից` Ալեքսանդր Լուկաշենկոն Բաքվում քննարկել է այդ թեման Իլհամ Ալիևի հետ։ Ադրբեջանի նախագահը հեռուստախցիկների առաջ իր հյուրին ասել է. «Բելառուսը` որպես Հայաստանի գործընկեր, որպես ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ, միևնույն ժամանակ որպես Ադրբեջանի մտերիմ ընկեր, կարող է կարևոր դեր խաղալ կապեր հաստատելու մեջ»։

Կկարգավորվե՞ն արդյոք հայ-իսրայելական հարաբերությունները Նեթանյահուի հեռանալուց հետո

Հյուրը համաձայնել է աջակցել։ Դա կարող է նշանակել Ալեքսանդր Լուկաշենկոյի պատրաստակամությունը` օգտագործելու իր ազդեցությունը, որ համոզի Հայաստանի վարչապետին` չխոչընդոտել Ադրբեջանի ներգրավումը եվրասիական ինտեգրացիոն կառույցներ։ Դրանից հետո Բելառուսի Ներկայացուցիչների պալատի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրեյ Սավինիխը հայտարարել է, որ «Բելառուսը ջանքեր կգործադրի Ադրբեջանի և ԵԱՏՄ–ի միջև ավելի սերտ համագործակցություն հաստատելու համար»։

«Անկասկած, առաջիկա ամիսներին մենք կտեսնենք ԵԱՏՄ և Մաքսային միության հարթակներում Ադրբեջանի ակտիվ աշխատանքը», – ասել է պատգամավորը։

Որտեղի՞ց այդ վստահությունը, եթե կազմակերպության անդամներից առնվազն մեկը չի տվել իր համաձայնությունը։

Դրա հետ կապված` տեղին է այն հարցը, թե կարելի՞ է ապահովել Ադրբեջանի անդամակցությունը ԵԱՏՄ–ին առանց Հայաստանի համաձայնության։ Կազմակերպության գործող կանոնադրությունը չի բացառում, քանի որ նոր անդամներ ընդունելը պահանջում է բոլոր լիիրավ գործընկերների համաձայնությունը։ Բայց պետք է նշել, որ Եվրասիական տնտեսական միության որոշ անդամներ փորձեր են ձեռնարկել վերանայելու ընդունված որոշումները։

Երևանը դեռ «այո» չի ասել, կամ ինչու է Ալիևը շտապում Նախիջևանի մայրուղու հարցում

Դրա մասին շատ չի բարձրաձայնվել, բայց փորձերի մասին տեղեկություններ տարածվել են։ Այսպես, 2019թ–ի մայիսին Բելառուսի էկոնոմիկայի նախարար Դմիտրի Կրուտոյը հայտարարել է, որ իր երկիրն առաջարկում է չեղարկել անդամ երկրների վետոյի իրավունքը կարևոր որոշումներ կայացնելիս։

Խոսքն այն մասին է, որ կազմակերպությունում որոշումներն ընդունվեն ոչ թե ընդհանուր համաձայնությամբ, ինչպես հիմա, այլ ձայների մեծամասնությամբ։ Մինսկի առաջարկին գործընկերների արձագանքը հայտնի չէ։ Բայց համարձակվում եմ ենթադրել, որ Հայաստանը հաստատ հավանություն չէր տա այդ գաղափարին։

Նախաձեռնությունը շարունակություն չի ունեցել, քանի որ առաջարկված շտկումներն ընդունելու համար անհրաժեշտ է փոփոխություններ կատարել ոչ միայն կազմակերպության կանոնադրությունում, այլ նաև Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրում։ Իսկ դրա համար նույնպես պետք է հանգել կոնսենսուսի։ Ավելին, միջազգային պայմանագրում փոփոխություններին հավանություն տալու համար անհրաժեշտ է այդ անդամ երկրների խորհրդարանների վավերացումը։ Այնպես որ, կոնսենսուսի սկզբունքից հրաժարվելու գաղափարը մեծ հեռանկարներ չունի։

Ադրբեջանը հետապնդում է Արցախում կռված սփյուռքահայերին՝ «մոռանալով» իր վարձկաններին

Քանի դեռ ԵԱՏՄ–ում գործում է որոշումներ կայացնելու ներկա կարգը, անհնար է անտեսել Երևանի կարծիքը։ Այլ բան է, թե կկարողանա՞ արդյոք Երևանը երկար և հաջողությամբ դիմանալ այն անխուսափելի ճնշմանը, որը կգործադրվի նրա վրա այն գործընկերների կողմից, որոնք շահագրգռված են ԵԱՏՄ–ում Ադրբեջանի ներգրավմամբ։ Ամեն դեպքում, Հայաստանի համար արդեն դրական է այն փաստը, որ ևս մի հարթակ է հայտնվել` քննարկելու Ադրբեջանին ներկայացվող պահանջները։

Բաքուն չի կարող հաշվի չնստել այն բանի հետ, որ Երևանն ամեն դեպքում ունի ազդեցության մեխանիզմներ։ Դրա հետ կապված` տեղին է հիշել Մոսկվայի և Թբիլիսիի միջև երկարատև ու ծանր բանակցությունները, որոնք նախորդել են Ռուսաստանի անդամակցությանն Առևտրի համաշխարհային կազմակերպությանը։ Վրաստանը, որն այդ ժամանակ ԱՀԿ լիիրավ անդամ էր, մի շարք նախապայմաններ էր առաջադրել Ռուսաստանին։

Միայն կարևոր քաղաքական պայմանավորվածությունների հանգելուց հետո Թբիլիսին պաշտոնապես հայտարարեց, որ վետո չի դնի Ռուսաստանին կազմակերպություն ընդունելու վրա։ Ենթադրում եմ, որ նմանատիպ ինչ–որ բան էլ կլինի Ադրբեջանի հայտը քննարկելու դեպքում։ Ուղիղ կամ միջնորդավորված խորհրդակցություններն անխուսափելի են։ Որքան շուտ սկսվեն դրանք, այնքան լավ։

Ստեփանակերտի օդանավակայանն ու Ալիևի ավիացիոն պլանները. իրավիճա՞կ է փոխվել