ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը միասին այցելել են Սյունիք մարզ և պարզել, որ Խնածախում առաջնային հարցը գյուղի բնակիչների իրավունքների վերականգնումն է, որոնք ոտնահարվել են ադրբեջանական զինված ուժերի գյուղի անմիջական հարևանությամբ հայտնվելուց պատճառով: ՀՀ նախագահի ու Թաթոյանի այցի մանրամասները հրապարակվել են Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջում։
«Գյուղի բնակիչներն անվտանգության խնդրի պատճառով չեն կարողանում օգտվել իրենց հողատարածներից ու այգիներից, չեն կարողանում օգտագործել արոտավայրերն ու խոտհարքները: Այս վիճակի պատճառով էլ մարդիկ զրկվում են իրենց ընտանիքի եկամտի աղբյուրից: Այսինքն՝ խախտված են նրանց սեփականության, տնտեսական գործունեության և կենսական կարևորության սոցիալ-տնտեսական այլ իրավունքներ»,– գրված է հաղորդագրության մեջ:
Դրանից բացի, վտանգված են քաղաքացիական բնակիչների կյանքի, առողջության, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության և միջազգայնորեն ճանաչված այլ իրավունքներ: Ստեղծված իրավիճակը խնդրահարույց է նաև երեխաների լավագույն շահերի, նրանց անվտանգության տեսանկյունից:
Թաթոյանն ու ՀՀ նախագահը Խնածախում բնակիչների հետ քննարկել են նաև նրանց հուզող այլ հարցեր՝ կապված սահմանամերձ համայնք դառնալուց հետո գյուղի բնակիչների իրավունքներին, սոցիալ-տնտեսական հարցերում պետության աջակցությանը, երեխաների իրավունքների հարցեր, մասնավորապես՝ կապված մանկապարտեզ և դպրոց երեխաների հաճախելու, նրանց կրթության հետ և այլն:
Գորիսում ՀՀ նախագահի և Մարդու իրավունքների պաշտպանի մասնակցությամբ համատեղ քննարկումներ են անցկացվել Գորիս համայնքի ղեկավարի, Հարթաշեն, Ներքին Խնձորեսկ, Քարահունջ և գյուղական մի շարք այլ բնակավայրերի ղեկավարների, ինչպես նաև Սիսիան համայնքի ղեկավարի հետ: Մանրամասն քննարկվել են համայնքներում մարդկանց իրավունքներին վերաբերող, նրանց հուզող խնդիրները:
«Ակնհայտ է, որ Սյունիքի մարզի գյուղերի հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի ծառայողների ներկայությունը չունի որևէ իրավական հիմք, ապօրինի է: Այս եզրահանգումն ունի իրավական կոնկրետ հիմնավորումներ, որոնք նրանց ներկայությունն ընդհանրապես դարձնում են ապալեգիտիմ: Այս մասին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նշել է բազմիցս:
Կարևոր է ՀՀ նախագահի դիրքորոշումն այն մասին, որ սահմանների հարցում կա անորոշություն, ու այս վիճակը խախտում է գյուղերի բնակիչների իրավունքները: Հետևաբար ակնհայտ է, որ Սյունիքում մարդու իրավունքների երաշխավորման նպատակով պետք է ստեղծվի անվտանգության գոտի»,– հայտնում է ՄԻՊ գրասենյակը:
Կան քննարկումներ Սյունիքում ռուսական ռազմաբազայի հենակետ ստեղծելու մասին. Փաշինյան
ՀՀ նախագահի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմերը կամփոփեն այս համատեղ այցի արդյունքները, և ըստ իրավասության՝ կձեռնարկվեն համապատասխան քայլեր, այդ թվում՝ համատեղ:
Հիշեցնենք` Արցախի 44-օրյա պատերազմի հետևանքով նոր տարածքային և սահմանային իրավիճակ է ձևավորվել ոչ միայն Արցախում, այլև Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին` Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում։
Սարգսյանն ու Թաթոյանը Սյունիք են մեկնել երեկ` ապրիլի 19-ին։