ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի - Sputnik. Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում թունավորումից մահացած 12-ամյա աղջկա ու ընտանիքի մյուս անդամների թունավորման պատճառը եղել է այգուց հավաքած տապակած կանաչին։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Գետահովիտի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Սուսաննա Չաբուխյանը։
«Գյուղում խոսում են, որ ընտանիքի մայրը այգուց կանաչի է հավաքել, պատրաստել, բայց թե ինչ տեսակի, չգիտենք։ Գիտեմ, որ ծնողները հենց բժշկին են ասել այդ մասին, իսկ հիվանդանոցում նախնական ախտորոշվել էր հենց սննդային թունավորում»,–ասաց նա։
Նրա խոսքով`ընտանիքի մյուս անչափահասի՝ 14-ամյա տղայի վիճակը կայուն է։
Ընտանիքի մայրն ու հայրը «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում են։ Հիվանդանոցի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը Facebook-իր էջում հայտնել է, որ նրանց վիճակը բավարար է։
«Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում տուժածներին տրամադրվել է անհրաժեշտ բժշկական օգնություն: Այս պահին տուժածների առողջական վիճակը գտնվում է տարբեր նեղ մասնագետների՝ ռեանիմատոլոգի, ինֆեկցիոնիստի, թունաբանի ուշադրության կենտրոնում: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- գրել է նա։
Հիշեցնենք` այսօր առավոտյան ԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնեց, որ ապրիլի 19-ին` ժամը 22:26-ին, Գետահովիտ գյուղից նախնական սննդային թունավորում ախտորոշմամբ Տավուշի մարզի Իջևան քաղաքի ԲԿ են տեղափոխվել Գետահովիտ գյուղում բնակվող ընտանիքի 4 անդամներ` 41–ամյա ծնողներն ու 12 և 14 տարեկան երեխաները։
12-ամյա երեխան հիվանդանոցում մահացել է։
Թունավորման դեպք Տավուշի մարզում․ 12 տարեկան երեխան մահացել է