Իրականության հետ կապ չունի. ՊՆ-ից հերքում են`զոհվածի մեդալը տաքսու վարորդը չի հանձնել

Գերատեսչությունից կոչ են անում ԶԼՄ-ներին և սոցիալական ցանցերի անհատ օգտատերերին չշահարկել ժողովրդի համար անչափ զգայուն նշանակություն ունեցող թեմաները և զերծ մնալ չստուգված տեղեկություններ հրապարակելուց:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Հադրութում զոհված զինծառայող Ռոբերտ Կարապետյանի մեդալը հարազատներին է հանձնել ոչ թե տաքսու վարորդը, այլ լեյտենանտ Էդգար Ապրեսյանը, որը մարտական գործողությունների ժամանակ եղել է այն ստորաբաժանմանը աջակցող դասակի հրամանատարը, որի անձնակազմի ներկայացուցիչներից է եղել Ռոբերտ Կարապետյանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը` հերքելով ֆեյսբուքյան օգտատեր Հասմիկ Մարտիրոսյանի՝ «Հադրութում զոհված զինծառայող Ռոբերտ Կարապետյանի «Արիության» մեդալը տուն է բերել տաքսու վարորդը» վերտառությամբ գրությանը։

Արցախում ծառայող ժամկետայինների հարազատները կհանդիպեն վարչապետի հետ. ինչ պահանջներ ունեն

«Նշվածը իրականության հետ որևէ աղերս չունի»,–ասում են ՊՆ-ից և հավելում, որ իրականում Ռոբերտ Կարապետյանը ոչ թե «Արիության համար», այլ «Մարտական ծառայության» մեդալ է ստացել։

«Նախապես լեյտենանտ Ապրեսյանը ցանկացել է մեդալը  հանձնել զոհված զինծառայողի հարազատներին նրանց հարկի տակ, սակայն ծնողների կողմից մերժում ստանալուց հետո այն հանձնել է զոհված զինծառայողի շիրմաքարի մոտ վերջինիս հորը»,–ասված է հաղորդագրության մեջ:

Տեղեկացվում է, որ զոհված զինծառայողների պարգևների հանձնման գործընթացը շարունակական է, և այն իրականացվում է ոչ միայն զորամաս և ավելի բարձր օղակների հրամկազմի, այլև անմիջական հրամանատարների և մարտական ընկերների մասնակցությամբ:

«Սմերչերը» կրկին «մարտի» են դուրս եկել. ՀՀ ՊՆ–ն տեսանյութ է հրապարակել

Պաշտպանական գերատեսչությունից կոչ են անում զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին և սոցիալական ցանցերի անհատ օգտատերերին չշահարկել մեր ժողովրդի համար անչափ զգայուն նշանակություն ունեցող թեմաները և զերծ մնալ չստուգված տեղեկություններ հրապարակելուց: