«Բա մեզ չի ընդունում, ո՞ւմ պիտի ընդունի». անհետ կորածի հայրը` Նիկոլ Փաշինյանի մասին

Անհետ կորած զինծառայողներից մեկի հայրը զայրացած է` վարչապետը հրաժարվում է ընդունել նրան։ Տղամարդուն ասում են, որ վարչապետը ժամանակ չունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի - Sputnik. Անհետ կորած զինծառայողների ծնողները չգիտեն, թե ինչ անեն. իրենց տղաների վերադարձի հարցն այդպես էլ չի լուծվում։ Անհետ կորած զինծառայողներից մեկի հայրը` Ռոման Գևորգյանն այսօր կառավարության շենքի մոտ լրագրողներին ասաց` իրենց անընդհատ խաբում են, թե այսօր կամ վաղը եկեք, կընդունենք, բայց այդպես էլ չեն ընդունում։

«ԳՇ պետն ասաց` իրավասու չէ լուծում տալ». անհետ կորածների ծնողների հետ հանդիպումն ավարտվեց

«Երեխուս եմ ուզում, եթե չբերեն, իմ երեխային տան, նրանց ընտանիքներով ես եմ զբաղվելու` ոչ մեկի երեխան իմինից լավը չի։ Մեկ օր շուտ բոլորի երեխաների հարցով պետք է զբաղվեն»,–ասաց տղամարդը։

Նա նշեց, որ հունիսի 20-ին սպասվող ընտրություններից իշխանությունն առաջ ուր էլ գնա, անհետ կորածների ծնողները գնալու են նրանց հետևից և պահանջելու են իրենց երեխաների վերադարձը կազմակերպել։

Ադրբեջանը կարող է օգնել անհետ կորածների ընտանիքներին. ՀՀ նախագահ

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինձ չի ընդունում, ասում են` ժամանակ չունի։ Բայց Ծաղկաձորում ընտանիքով հանգստանալու ժամանակ ունի՞։ Քուն ու դադար չունենք, ի՞նչ անենք մենք»,–ասաց տղամարդը։

Հիշեցնենք, որ տևական ժամանակ է` անհետ կորածների հարազատները բողոքի ակցիաներ են անում և պահանջում են գործուն քայլեր իրականացնել։ Անհետ կորածների հարազատներին քանիցս ընդունել են ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները։ Հարազատները, սակայն, միշտ դժգոհ են դուրս գալիս այդ հանդիպումներից` ասելով, որ որևէ նոր բան չեն ասել իրենց։

«Երեխուն դիտավորյալ են կորցրել». անհետ կորած զինծառայողների ծնողներն ԱԺ-ում են