Տղերք, հող չկա տալու... Ներսոյի մարմինը գտան՝ բռունցքի մեջ մի բուռ հայրենի հող սեղմած

Ներսես Ներսիսյանն արևելյան սպորտաձևերի աշխարհի բացարձակ չեմպիոն էր, հերոսաբար զոհվեց 20-ամյակի նախորդ օրը՝ հասցնելով մարտական ընկերներից մի քանիսի կյանքը փրկել։
Sputnik

Чемпионы не умирают, они уходят покорять небеса («Չեմպիոնները չեն մահանում, նրանք գնում են նվաճելու երկինքը»)․ բանակ մեկնելու նախորդ օրը ձեռքին արված այս դաջվածքով հայրը ճանաչեց իր առաջնեկ որդու՝ Ներսեսի մարմինը։ Տղան հերոսաբար զոհվել էր ավիառումբի հարվածից հոկտեմբերի 25-ին Մարտունիում՝ 20 տարեկան դառնալուց ընդամենը ժամեր պակաս։ Այն, որ Ներսոն գնացել է երկնակամարը նվաճելու, ընտանիքն իմացավ հենց նրա ծննդյան օրը՝ հոկտեմբերի 26-ին...

Տղերք, հող չկա տալու... Ներսոյի մարմինը գտան՝ բռունցքի մեջ մի բուռ հայրենի հող սեղմած

Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղում հոկտեմբերի 26-ից օդը մի տեսակ կանգնած է, կյանքը շարունակվում է, բայց ուրիշ է։ Դարչնագույն աչքերով, լայն ժպիտով Ներսես Ներսիսյանը (սիրում էր, որ իրեն Ներսո ասեն) գյուղի ուրախությունն ու պարծանքն էր։ Կարատեի գրեթե 100 մարտ էր անցկացրել՝ առանց պարտության... Ձեռքերի վրա էին դիմավորելու հերթական մեդալով կամ գավաթով գյուղ վերադառնալիս, բայց ձեռքերի վրա հողին հանձնեցին։

Տղերք, հող չկա տալու... Ներսոյի մարմինը գտան՝ բռունցքի մեջ մի բուռ հայրենի հող սեղմած

Չեմպիոնի ճանապարհն ու նոկաուտ արված ադրբեջանցին

Հենց որ տուն ես մտնում, առաջին բանը, որ աչքիդ է ընկնում, Ներսեսի պատվո անկյունն է՝ ոսկե գավաթներով, մեդալներով, որոնք հազիվ են տեղավորվում պահարանում։ Որդու մասին պատմում է հայրը՝ Արթուրը՝ սևը սրտում, հպարտությունն աչքերում։  Հենց ինքն է սկսել նրան մարզել, երբ դեռ 6 տարեկան էր։ Այդպես սկսվեց ապագա չեմպիոնի ճամփան։ 9 տարեկանում առաջին միջազգային մրցույթին մասնակցեց Վրաստանում․ հակառակորդն ադրբեջանցի էր։ Մենամարտն ավարտվեց՝ ժամանակից շուտ՝ նոկաուտով։ Ներսեսն աշխարհի բացարձակ չեմպիոն դարձավ։

Տղերք, հող չկա տալու... Ներսոյի մարմինը գտան՝ բռունցքի մեջ մի բուռ հայրենի հող սեղմած

«Սպորտում միշտ մեդալներով էր հետ գալիս, հիմա էլ էս հետմահու մեդալները...»։

Հայրը պատմում է՝ Ներսոյի հաջողություններին արտերկրից էլ էին հետևում, տարբեր երկրներ ներկայացնելու գայթակղիչ առաջարկներ էր ստանում, բայց միշտ մերժում էր։ Ասում էր՝ միայն հայկական դրոշի ներքո է հանդես գալու ու մեր եռագույնն է բարձրացնելու։ Ընդունվեց Ֆիզկուլտ ինստիտուտ, հետո մեկնեց բանակ։

Տղերք, հող չկա տալու... Ներսոյի մարմինը գտան՝ բռունցքի մեջ մի բուռ հայրենի հող սեղմած

Ատում էր դաջվածքները, բայց բանակ մեկնելու նախորդ օրը ձեռքին դաջվածքով տուն վերադարձավ՝ Чемпионы не умирают, они уходят покорять небеса։

Կռիվն արյան մեջ էր

Արթուրն ասում է՝ հանուն հայրենիքի կռվելը Ներսոյի արյան մեջ էր։ Ինքն էլ Արցախյան առաջին ազատամարտի մասնակից է, երկու անգամ ծանր վիրավորում է ստացել, հրաշքով փրկվել, դեմքին ու մարմնին տեսածի ու ապրածի սպիներն են։ Պապը Հայրենական պատերազմի մասնակից էր, Բեռլին էր հասել, նախնիները Վանում ազատագրական պայքարի մասնակիցներ են եղել։ 

Տղերք, հող չկա տալու... Ներսոյի մարմինը գտան՝ բռունցքի մեջ մի բուռ հայրենի հող սեղմած

«Մի անգամ զանգեց, թե՝ պապ, հարսանիք եմ հարամել, չհասկացա պահի տակ... Ասեցի՝ տղա ջան, պատերազմ է, ինչ հարսանիք։ Ջղայնացավ, ասեց՝ ամոթ ա, դու կռված տղա ես, ոնց չհասկացար․․․» (ի նկատի է ունեցել` թշնամու մեծ խումբ են ոչնչացրել)։

Տղերք, հող չկա տալու... Ներսոյի մարմինը գտան՝ բռունցքի մեջ մի բուռ հայրենի հող սեղմած

Ներսոն հրետանավոր էր, ծառայում էր Իվանյանում, պատերազմը սկսվելու առաջին օրվանից եղել է ամենաթեժ կետերում։ Այդ մասին ընտանիքը նրա զոհվելուց հետո է միայն իմացել։

Տղերք, հող չկա տալու... Ներսոյի մարմինը գտան՝ բռունցքի մեջ մի բուռ հայրենի հող սեղմած

«Երբեք սուտ չէր խոսել, պատերազմը սկսվելուց հետո սկսեց խաբել մեզ, որ չանհանգստանանք։ Ասում էր՝ «գնում եմ կոֆե խմելու», կամ «գնում եմ քնելու», բայց իրականում ամեն անգամ գնում էր կենաց-մահու կռվի»։

Տղերք, հող չկա տալու... Ներսոյի մարմինը գտան՝ բռունցքի մեջ մի բուռ հայրենի հող սեղմած

Մարտական ընկերները պատմել են, որ Ներսոն անգամ ադրբեջանցի դիվերսանտի է բացահայտել։ Նա հայի անձնագրով` Արթուր Օսիպյան անուն-ազգանունով, ներթափանցել էր իրենց շարքեր՝ իբրև ՄՈԲ-ի անդամ։ Ներսոն ինչ-որ կերպ գլխի է ընկել, որ մի բան այն չէ, զեկուցել հրամանատարներին, դրանից հետո դիվերսանտը ձերբակալվել էր։ Շատ մանրամասներ չգիտեն, որովհետև հրամանատարն էլ է Ներսոյի հետ զոհվել։

Տղերք, հող չկա տալու... Ներսոյի մարմինը գտան՝ բռունցքի մեջ մի բուռ հայրենի հող սեղմած

«Վիրավոր տղաների է օգնել, դուրս բերել։  Տղաների խոսքով՝ զոհվելուց առաջ էլ ասել է. «տղերք, հող չկա տալու»...»։

Սենյակի օդը ծանրանում է... Ամուսնու կողքին լուռ նստած Գայանեն ավելի է սեղմում շուրթերը, արագ-արագ սեղան դնող քույրը՝ Թինան, աննկատ ու արագ սրբում է թափվող արցունքները, փոքր եղբայրը՝ Նարեկը, տղամարդավարի կախում է գլուխը։

Տղերք, հող չկա տալու... Ներսոյի մարմինը գտան՝ բռունցքի մեջ մի բուռ հայրենի հող սեղմած

Վերջին անգամ Ներսոյի հետո խոսել են հոկտեմբերի 22-ին, սպասում էին, որ հոկտեմբերի 25-ին՝ ուղիղ կեսգիշերին, կզանգահարի, որ իր ծննդյան օրը շնորհավորեն։ Ներսոյից զանգ այդպես էլ չեկավ...

«Ես զգացի դա..Տանը նստած էի, հյուր ունեինք, նենց ծանրացավ սիրտս..»,–ասում է հայրը։

Հաջորդ օրը նա մեկնեց Գորիս՝ որդուն ճանաչելու։

«Դեմքին չկարողացա նայել, ամեն ինչ նորմալ էր, դեմքը վնասված չէր, բայց ես չկարողացա նայել։ Տեսա, որ բռունցքը սեղմած է։ Բացեցին, մեջը հող էր ամուր սեղմած պահել...»։

Տղերք, հող չկա տալու... Ներսոյի մարմինը գտան՝ բռունցքի մեջ մի բուռ հայրենի հող սեղմած

Թինան բերում է եղբոր հիշատակին պատվիրված լուսանկարների տուփը․․․ Այստեղ են նաև Ներսոյի վերջին լուսանկարները՝ պատերազմի օրերին՝ զոհվելուց օրեր առաջ։

«Ես իրեն մահացած չեմ համարում, իրեն ողջերի մեջ եմ փնտրում, ես իր հետ նորմալ զրուցում եմ, կարող է թվալ՝ ցնդաբանություն է, բայց ես իրեն տեսնում ու զգում եմ։ Հիմա էլ եմ զգում, որ կողքիս նստած է՝ ինչպես միշտ համեստ ու ժպիտը դեմքին։ Հպարտանում եմ իրենով...»։

Ներսոյի ծառայության ավարտին երկու ամսից մի քիչ ավելի էր մնացել, հունվարի 14-ին զորացրվելու էր։ Ընտանիքն արդեն պատրաստվում էր վերադարձի «բանակի քեֆին»։ Վայրը որոշված էր, հյուրերի ցուցակն էին կազմել։ Միայն մատաղի գառը դեռ չէին գնել։ Նվերն էլ էր պատրաստ՝ Ներսոյի սիրելի ավտոմեքենան։ Տանը վերանորոգման աշխատանքներ էին սկսել, հեռվից հեռու Ներսոն հետևում էր, խնդրում ամեն փոփոխությունը լուսանկարել, ուղարկել։ Շատ էր սպասում բակի պատի փոփոխությանը, այդ լուսանկարը չհասցրեցին ուղարկել...