«Նամակ անցյալից». Հայաստանում պեղված դամբարանադաշտը կարող է փոխել մեր պատկերացումները

Արագածոտնի մարզում անցկացվող պեղումները թույլ կտան պատմության ևս մեկ անհայտ էջ բացել, պարզել դամբարանների կառուցման ճշգրիտ տարեթիվը։ Հնագետներն այս տեղանքն անվանում են «Նամակ անցյալից»՝ ուղղված ժամանակակից սերնդին։
Sputnik

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Ակտիվ աշխատանք ծեփաբահիկներով, հող փորել և մաղել, կերամիկական սպասքի յուրաքանչյուր բեկոր խոզանակով մաքրել․ այս պատկերն ամեն օր առավոտյան ժամը 8-ից մինչև երեկոյան 5-ը կարելի է տեսնել Արագածոտնի մարզի Վերին Նավեր գերեզմանատեղի վերևի հատվածում։

«Նամակ անցյալից». Հայաստանում պեղված դամբարանադաշտը կարող է փոխել մեր պատկերացումները

ՀՀ ԿԳՄՍՆ նախարարությանն առընթեր Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հնագիտության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հակոբ Սիմոնյանի ղեկավարած հնագիտական արշավախումբը մարտի կեսերից վերսկսել է պեղումները՝ գերեզմանատեղի բոլոր առանձնահատկությունները բացահայտելու և ստեղծման տարեթիվը պարզելու համար:

Նախնական տվյալներով՝ այս հատվածում վաղ շրջանի դամբարանը թվագրվում է մ.թ.ա․ 3-2-րդ հազարամյակներով, բացի այդ՝ այն պատկանել է հզոր և հնագույն ցեղի, որը բնակվել է այդ տարածքում։ Ավելին՝ այդ ցեղի առաջնորդների հետ հաշվի են նստել ժամանակի հզոր պետությունների ներկայացուցիչները, ինչի մասին վկայում են Էլամի հզոր տիրակալներից ստացված արքայական նվերներն ու Վերին Նավերի թագավորական դամբարաններում հայտնաբերված բիտումե կրծքազարդերը՝ նշանավոր նախնիների պատկերներով։

Արշավախմբի սպասումները

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Սիմոնյանը նշեց, որ աշխատանքներն իսկապես մեծ զգուշությամբ են կատարվում, մանր գործիքների և վրձինների կիրառմամբ, քանի որ տեղանքը խիստ արժեքավոր է և ցանկացած սխալ շարժում կարող է վնասել գտածոները։

«Նամակ անցյալից». Հայաստանում պեղված դամբարանադաշտը կարող է փոխել մեր պատկերացումները

«Փորելուց հետո հողը մաղում ենք, որպեսզի ոչինչ չկորցնենք։ Առավոտյան կերամիկական իրերի բեկորներ ենք գտել։ Հուղարկավորության արարողակարգի համաձայն՝ թաղման ժամանակ և արարողությունից հետո գերեզմաններում սննդի, խմիչքի կժեր են կոտրել՝ դրանով իսկ հարգանքի տուրք մատուցելով հանգուցյալներին»,-պարզաբանեց Սիմոնյանը։

Արշավախումբը Սիմոնյանի ղեկավարությամբ Վերին Նավերի տարածքում աշխատում է 1975թ․-ից։ Նա ենթադրում է, որ տեղանքն այդ անվանումը պատահաբար չի ստացել։ Ամենայն հավանականությամբ՝ այն ժամանակ ապրող մարդիկ դամբանաբլուրը մի տեսակ նավ էին համարում, որի օգնությամբ հանգուցյալի հոգին ուղևորվում է անդրաշխարհ։

«Նամակ անցյալից». Հայաստանում պեղված դամբարանադաշտը կարող է փոխել մեր պատկերացումները

Սիմոնյանն ընդգծեց, որ մինչ այժմ պեղումներ են իրականացվել դամբարանադաշտի հարավային հատվածում։ Հյուսիսում իրականացվող նոր պեղումները թույլ կտան պարզել առաջին թաղումների տարեթիվը և դամբարանադաշտի ընդլայնման ժամանակագրությունը։

Գիտնականը նշեց, որ շատ աշխատանք կա, քանի որ տարածքը հսկայական է՝ ավելի քան 200 հեկտար։ Արդեն պարզ է, որ հայ հնագետները գործ ունեն Մերձավոր Արևելքի ամենամեծ դամբարաններից մեկի հետ, որտեղ մոտ 500 նմանատիպ գերեզմանաբլուրներ կան և որտեղ թաղված է մոտ 5 հազար մարդ։

Թաղվածքները

Պեղված գերեզմանաբլուրները միջին մեծության են․ տրամագիծը հասնում է 15 մետրի, բարձրությունը՝ մինչև 30 սմ-ի։ Դրանք շրջանի կամ կրոմլեխի ձև ունեն և եզրապատված են հրաբխային ծագման փոքր քարերով։

«Նամակ անցյալից». Հայաստանում պեղված դամբարանադաշտը կարող է փոխել մեր պատկերացումները

Այն ժամանակ համարվում էր, որ կրոմլեխը (ուղղահայաց քարերով շրջանաձև շարվածք) չար ոգիներին թույլ չի տալիս թափանցել գերեզմանի մեջ և հանգուցյալին ազատում է հնարավոր տառապանքներից։ Ազնվականների դամբարանասրահները կառուցվում էին նեցուկային շինվածքների տեսքով, որոնք արդյունքում կեղծ կամար էին ձևավորում։ Այն ծածկում էին մինչև 4 տոննա քաշով և մոտ 2-2,5 մետր երկարությամբ տուֆից սալով։

«Պեղված դամբարաններում հայտնաբերվել են մեծ թվով զանազան իրեր՝ Միջագետքից, Բաբելոնից, Շումերից, Միջին Ասիայից, Իրանից, Միջերկրածովյան տարածքից, հյուսիսային տափաստանային տարածաշրջաններից»,-ասաց Սիմոնյանը։

Նա նշեց, որ դա վկայում է հին աշխարհի պետությունների հետ առևտրային-տնտեսական կապերի մասին։

«Նամակ անցյալից». Հայաստանում պեղված դամբարանադաշտը կարող է փոխել մեր պատկերացումները

Դամբարանադաշտից ոչ հեռու՝ 30 կմ հեռավորության վրա, Արագած լեռան հարավային լանջերին, գտնվել է 23 կիկլոպային ամրոց, որոնք վկայում են տագնապալի և խառը ժամանակների մասին, երբ ռազմական բախումները սովորական բան էին, և մեր մարտիկ-նախնիների մասին տեղեկությունները պահպանվել են հենց պեղված գերեզմաններում։

Ո՞վ է ապրել

Այն մասին, որ այստեղ ոչ միայն սովորական համայնաբնակներ են թաղված, այլև բարձրաստիճան անձիք, վկայում են ոչ միայն դամբարանադաշտի մասշտաբները։ Սիմոնյանն ընդգծեց, որ դրանք շատ կազմակերպված և ռազմատենչ ցեղեր են եղել։ Դամբարաններում հայտնաբերվել են բազմաթիվ սրեր, դաշույններ, նետերի սայրեր, պարսատիկի քարեր։ Այդ մարդիկ նաև անասնապահությամբ են զբաղվել, բացի այդ, ձևավորվել է ազնվակաների դաս, որոնց էլ հենց թաղել են իրենցից մոնումենտալ կառույցներ ներկայացնող դամբարաններում։

«Նամակ անցյալից». Հայաստանում պեղված դամբարանադաշտը կարող է փոխել մեր պատկերացումները

«Ազնվականությունը հարուստ էր, հնարավորություն ուներ այլ տարածաշրջաններից բերված թանկարժեք իրեր գնել։ Բայց մեծագույն գտածոն արքաների կամ աստվածների պատկերներով ոսկեզօծ կրծքազարդերն են, պատրաստված բիտումից (լեռնային խեժից)։ Դրանք, ըստ ամենայնի, այստեղ են հասել հնագույն և շատ հզոր Էլամ պետությունից»,-ասաց Սիմոնյանը։

Հնագետը հիշեցրեց, որ Էլամը տեղակայված է եղել Պարսից ծոցի ափին, իսկ գտնված մեդալյոնները նշանակում են, որ, նախևառաջ, այստեղ բնակված ցեղի առաջնորդների հետ հաշվի են նստել ժամանակի հզորագույն երկրները, և երկրորդ՝ դա վկայում է Հայաստանի և Իրանի միջև հնագույն կապերի մասին։

«Նամակ անցյալից». Հայաստանում պեղված դամբարանադաշտը կարող է փոխել մեր պատկերացումները

Նմանատիպ գտածոներ հայտնաբերվել են միայն Հայաստանում․ հարևան պետությունների տարածքներում ոչ մի նման բան չի գտնվել։ Սիմոնյանը նշեց, որ ակադեմիական մեթոդներով պեղված հուշարձանները կարող են հանդես գալ որպես վերականգնման պատմական աղբյուր։

Դամբարաններում հայտնաբերվել է իշխանության մեկ այլ խորհրդանիշ ևս՝ թաղված են ամբողջական մարտակառքեր, որոնցից միայն բրոնզաձույլ դետալներն են պահպանվել, յուրահատուկ զենքեր, այդ թվում՝ սուսերներ։

Հավելենք, որ համայնաբնակների, մարտիկների, զորավարների և արքաների՝ մ.թ.ա. 24-23-րդ դարերով թվագրվող դամբարանների պեղումները կարող են փոխել պատկերացումները մեր ազգի հնագույն պատմության մասին։