Նախագահը չի ստորագրել «Ընտրական օրենսգրքում» փոփոխությունների փաթեթը, բայց ՍԴ էլ չի դիմի

Օրենքի վերաբերյալ նախագահի աշխատակազմի ուսումնասիրությունները հանգեցրել են այն եզրակացության, որ սահմանադրականության տեսանկյունից այն առերևույթ խնդրահարույց չէ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի - Sputnik. «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել, բայց այն չի ուղարկելու Սահմանադրական դատարան՝ դրա Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու համար: Տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից։

Նշենք, որ ապրիլի 1-ին ԱԺ–ն ընդունեց ընտրակարգի փոփոխությունը, համաձայն որի` ընտրությունների անցկացումը կլինի միայն համամասնական ընտրակարգով` առանց ռեյտինգային քվեարկության։

Այս ամբողջ ընտրական աղմուկը բազմաթիվ անհայտներով հավասարում է. Շարմազանով

«Հանրապետության նախագահն օրենքը քննարկել է մի շարք կուսակցությունների ղեկավարների, քաղաքական գործիչների, կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցչի հետ, լսել նրանց կարծիքներն ու դիտարկումները:

Օրենքի վերաբերյալ նախագահի աշխատակազմի ուսումնասիրությունները հանգեցրել են այն եզրակացության, որ սահմանադրականության տեսանկյունից այն առերևույթ խնդրահարույց չէ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Միևնույն ժամանակ, նախագահը նկատում է, որ օրենքն ընդունվել է Ազգային ժողովի միայն քաղաքական մեծամասնության քվեարկության արդյունքում:

Նշվում է նաև, որ Արմեն Սարգսյանը բազմիցս ասել է, որ ճգնաժամը հաղթահարելուն ուղղված արտահերթ ընտրությունները կազմակերպելուն պետք է նախորդի Սահմանադրության, ինչպես նաև ընտրական օրենսգրքի փոփոխությունների գործընթացը, որը պահանջում է ողջամիտ ժամկետ:

Նրա խոսքով` Վենետիկի հանձնաժողովի մոտեցմամբ ընտրական օրենսդրության փոփոխությունները պետք է տեղի ունենան ընտրություններից առնվազն մեկ տարի առաջ:  

Ռուսաստանում ակնկալում են, որ Հայաստանում արդար ընտրություններ կլինեն. Մատվիենկո

Ասվում է նաև, որ փոփոխությամբ մեկ տեսակի համամասնական ընտրակարգը փոխարինվում է մեկ այլ տեսակի համամասնական ընտրակարգով: Մասնավորապես, բացառվում է տարածքային ընտրական ցուցակներով ընտրություններին մասնակցելու գործող կառուցակարգը: Իսկ առանց տարածքային ցուցակների համամասնական ընտրակարգը կարող է արդյունավետ լինել խորհրդարանական կայացած քաղաքական մշակույթ ձևավորած պետություններում։ Այսինքն, ըստ նախագահի, այնտեղ, ուր  կուսակցություններն ունեն հստակ ծրագիր, որտեղ հասարակությունն ունի հնարավորություն և բավարար ժամանակ ծրագրերին ծանոթանալու, որտեղ ընտրությունն իրականցվում է ներկայացված ծրագրերի հիման վրա:

«Մինչդեռ նման փոփոխությունը ՀՀ–ում առկա իրավիճակում կարող է հանգեցնել ոչ թե կուսակցությունների և դրանց ծրագրերի, այլ այս կամ այն կուսակցությունը գլխավորող անձանց միջև մրցակցության»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ով ինչպես է պայքարում ընտրողին գրավելու համար. Քեռյանը` ներքաղաքական գործընթացների մասին

Ըստ Սահմանադրության, եթե ՀՀ նախագահը չի ստորագրում օրենքը, ապա այն հետ է ուղարկվում ԱԺ։ Ազգային ժողովի նախագահն էլ 5 օրվա ընթացքում այն կարող է ստորագրել։

Հիշեցնենք, որ նախագիծն արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, սակայն ապրիլի 1-ին իմքայլականները հրատապ ընթացակարգով արտահերթ նիստ գումարեցին և ընդունեցին օրենքի փոփոխությունը։