Անդրադառնալով ՀՀ նախագահի հայտարարության մեջ նշված տեսակետին, ըստ որի` օրենքով մեկ տեսակի համամասնական ընտրակարգը փոփոխվում է մեկ այլ տեսակի համամասնական ընտրակարգով և մասնավորապես բացառվում է տարածքային ընտրական ցուցակներով ընտրություններին մասնակցելու գործող կառուցակարգը, Վլադիմիր Վարդանյանն ընդգծեց, որ մեծ փոփոխությունների փաթեթն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, և ապրիլի 20–ին սպասում են հանձնաժողովի պատասխանին։
«Մենք հստակ գիտեինք, որ գնում ենք Ընտրական համակարգի պարզեցման ճանապարհով, հետևաբար այստեղ ես մտավախություն կամ մտահոգություն չեմ տեսնում»,–նշեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը։
Խոսելով ՀՀ նախագահի հայտարարության մեջ հնչած դրույթի մասին, ըստ որի` նման փոփոխությունը ՀՀ–ում առկա իրավիճակում կարող է հանգեցնել ոչ թե կուսակցությունների և դրանց ծրագրերի, այլ այս կամ այն կուսակցությունը գլխավորող անձանց միջև մրցակցության` Վարդանյանն ասաց, որ բացարձակապես համաձայն չէ նախագահի մտահոգության հետ։
«Երկրորդ էշելոնի անձանց միջև պայքարը, որը մասնավորապես դրսևորվում է նրանում, որ ոչ թե քաղաքական գործիչները, այլ այս կամ այն ռեգիոնում բիզնես կամ այլ ազդեցություն ունեցող անձինք են հաջողության հասնում, շատ ավելի ակներև է»,– նշեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը։
Վարդանյանն ափսոսանք հայտնեց, որ ՀՀ նախագահը գնացել է նման քայլի և որոշել է չստորագրել ընտրական փոփոխությունների օրենքը, իսկ Վենետիկի հանձնաժողովի մոտեցման վերաբերյալ, ըստ որի` ընտրական օրենսդրության փոփոխությունները պետք է տեղի ունենան առնվազն ընտրություններից մեկ տարի առաջ, Վարդանյանն ընդգծեց, որ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը լինելու է մոտ օրերս, և եթե նախագահը որոշել է չստորագրել ու չդիմել Սահմանադրական դատարան, ապա կարող է սպասել ևս մի քանի օր, երբ լինի հանձնաժողովի պատասխանը, թեև շեշտեց, որ այդ հարցին այնուհանդերձ պետք է անդրադարձ լիներ նախագծում։
Ռուսաստանում ակնկալում են, որ Հայաստանում արդար ընտրություններ կլինեն. Մատվիենկո
Տեղեկացնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի գրասենյակը տարածել է հաղորդագրություն, որի համաձայն` հանրապետության նախագահը չի ստորագրելու «ՀՀ Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը, բայց և չի դիմելու Սահմանադրական դատարան` դրա Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու համար։