ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի - Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հերքում է լուրերը, թե Ռուսաստանը և ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահներն առաջարկում էին Ադրբեջանին վերադարձնել Լեռնային Ղարաբաղին հարակից 7 շրջանները՝ ոչինչ չառաջարկելով դրա փոխարեն։ Նալբանդյանը նման կարծիք 1 հայտնել Politique Internationale-ի խմբագրությունը տված հարցազրույցում։
«Սա բացարձակ սուտ է։ Նույնը վերաբերում է նաև այն զավեշտալի պնդումներին, թե իբր 2018թ.-ից առաջ բանակցություններն անդրադառնում էին սոսկ ԼՂ–ին Ադրբեջանի կազմում ինքնավարության տրամադրմանը։ (Ամեն դեպքում Հայաստանը չէր կարող ընդունել նման առաջարկ, քանի որ դա կնշանակեր վերադարձ հակամարտության սկզբին և կբացառեր դրա կարգավորման հնարավորությունը)։ Այս ամենը ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլև չի դիմանում որևէ քննադատության»,–ասում է Նալբանդյանը։
Նրա խոսքով` շատ պարզ հարց է ծագում. եթե այդ պնդումների համաձայն համանախագահների առաջարկները փաստորեն առավելություն էին տալիս միայն Բաքվին, ապա ինչո՞ւ հենց ադրբեջանական կողմն էր մինչև 2018 թվականը հրաժարվում բոլոր այդ առաջարկներից։ Ինչո՞ւ էր Ադրբեջանի նախագահը նախարարների խորհրդի 2016թ.-ի հոկտեմբերի 18-ի նիստում հայտարարում, որ միջազգային միջնորդները փակ դռների հետևում ճնշում են գործադրում Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինիցս համաձայնություն ստանան ԼՂ անկախության վերաբերյալ։
Նալբանդյանից հետաքրքրվել են նաև, թե ի՞նչ կոնկրետ դրույթներ էին առաջարկում համանախագահ երկրները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար։ Ի պատասխան ԱԳ նախկին նախարարն ասել է, որ համանախագահների բոլոր առաջարկները նախատեսում էին ԼՂ հիմնահարցի փաթեթային հանգուցալուծում` փուլային իրականացմամբ, կարգավորման բոլոր տարրերի փոխկապակցվածությամբ։
ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները պատրաստ են այցելել Ղարաբաղ. նրանք հայտարարություն են տարածել
Նա մանրամասնել է` ասելով, որ նախատեսվում էր` Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի համաժողովրդական քվեարկությամբ, որը կարտահայտի Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտությունը և կունենա իրավական պարտադիր բնույթ։ Բացի այդ, մինչև իր վերջնական կարգավիճակի սահմանումը, ԼՂ–ն ստանում էր միջանկյալ կարգավիճակ, որի բոլոր գործառույթները մանրակրկիտ նկարագրված էին, ներառյալ՝ օրենսդիր, գործադիր և տեղական իշխանությունների ձևավորումը և գործունեությունը։
Իսկ միջանկյալ կարգավիճակի պայմաններում նախատեսվում էին անվտանգության երաշխիքներ, մասնավորապես, ԼՂ հանդեպ ուժ չկիրառելու Ադրբեջանի հանձնառությունը, միջազգային խաղաղապահ գործողությունը և խաղաղապահ ուժերի տեղաբաշխումը, Հայաստանի ճանաչումն իբրև ԼՂ անվտանգության երաշխավոր, ԼՂ–ի ինքնապաշտպանության ուժերի կողմից անվտանգության ապահովումը, համանախագահ երկրների կողմից անվտանգության երաշխիքները, ինչպես նաև այդ նպատակով ՄԱԿ Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևի ընդունումը։
Իսկ մինչև վերջնական կարգավիճակի որոշումը, Լաչինի շրջանով անցնող միջանցքի օգտագործման անվտանգության և բոլոր այլ հարցերը պետք է ապահովվեին և որոշվեին ԼՂ-ի իշխանությունների կողմից՝ այն ստատուս-քվոյի հիման վրա, որը գոյություն կունենար խաղաղության համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահին։
«Եվ միայն վերջնական և միջանկյալ կարգավիճակների, միջանցքի և այլ տարրերի սահմանումից, հստակ միջազգային ու այլ երաշխիքների և անվտանգության միջոցառումների ներդրումից, ներառյալ՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի երաշխիքներից հետո նախատեսվում էր 5՝ Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Զանգելանի և Ղուբաթլուի շրջանների վերադարձը»,–ասում է Նալբանդյանը
Լաչինի ոչ-միջանցքային հատվածի և Քելբաջարի շրջանի վերադարձը նախատեսված էր Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման հարցով քվեարկության անցկացման կազմակերպական հարցերի համաձայնեցման փոխկապակցությամբ։
Չի լինի տևական խաղաղություն առանց արցախյան հիմնահարցի արդար կարգավորման. Սարգսյան
Ինչ վերաբերում է հաղորդակցության վերաբացմանը, ապա համանախագահները, ըստ Նալբանդյանի, առաջարկում էին հետ կանչել բոլոր այն վերապահումները և հատուկ կարծիքները միջազգային համաձայնագրերից, որոնք սահմանափակում էին հաղորդակցության ազատությունը։