Վրաստանում Արցախից հետո գիտակցեցին ՀՀ–ի կարևորությունը. ինչու Սարգսյանն այցելեց Թբիլիսի

Արցախյան պատերազմը փոխեց տարածաշրջանի երկրների շեշտադրումներն ու առաջնահերթությունները և բացահայտեց նաև Վրաստանի վախերը։
Sputnik

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի առաջին պաշտոնական այցը Վրաստան ոչ միայն դարձավ այն ելակետը, որի վրա պետք է հիմնվեն երկու երկրների հարաբերությունները, այլև որակապես նոր երանգ հաղորդեց երկկողմանի գործակցությանը։ Բարձր մակարդակով հանդիպումների ընթացքում Հայաստանի նախագահը շեշտադրումներ արեց և հարևան երկրի ղեկավարությանը հասկացրեց Երևանի առաջնահերթությունները, որոնք միանշանակ համընկնում են Թբիլիսիի հետ։

Արմեն Սարգսյանը Թբիլիսիում պատմել է` ինչի մասին է խոսել վրացի գործընկերների հետ

Որ այցը կարևոր էր հատկապես արցախյան պատերազմից ու իշխանության մակարդակով փոխգործակցության գրեթե մեկ տարվա դադարից հետո, ընդգծեցին ոչ միայն երկու երկրների փորձագիտական շրջանակները։ Շոթա Ռուսթավելու անվան միջազգային օդանավակայանում հայկական թիվ 1 օդանավի վայրէջքից անմիջապես հետո այդ մասին հայտարարեց նաև Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Դավիթ Զալկալիանին։ Նա ընդգծեց` Սարգսյանի թբիլիսյան այցի արդյունքներով ակնկալվում է, որ երկկողմ հարաբերությունները որակապես նոր մակարդակի կանցնեն։

Հայացք Երևանից

Նախագահի այցը դրական է բնութագրում Վրաստանի հարցերի փորձագետ Ջոնի Մելիքյանը։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ երկկողմ այցը սահմանեց այն նշաձողը, որը պետք է մեկնակետ դառնա երկու երկրների կառավարությունների համար:

«Հանդիպումներն անցան ջերմ, կառուցողական, բարիդրացիական մթնոլորտում, զգացվում էր, որ կողմերը ոչ միայն ուզում են որոշել համագործակցության ոլորտներն ու նախագծերը, այլև պատրաստ են իրականացնել դրանք», – ասաց Մելիքյանը։

Արմեն Սարգսյանն այցելել է Համայն Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդին

Պատահական չէ, որ ՀՀ նախագահն այսօր նշեց, որ հետևելու է պայմանավորվածություններին ու դրանց կատարման դինամիկային։ Ըստ Մելիքյանի` խոսքից գործողության անցնելը երկկողմ հարաբերությունները որակապես նոր փուլ դուրս կբերեն։ Բացի այդ, այցը պետք է դիտարկել որպես 2019 թվականին Երևանում հայտարարած երկկողմ հարաբերությունների վերանայման անհրաժեշտության շարունակություն։ Նույն թվականի հոկտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այն ժամանակ նրա վրաց գործընկեր Գեորգի Գախարիայի հետ հանդիպման ընթացքում ՀՀ կառավարության ղեկավարն առաջարկեց հարաբերություններին ռազմավարական բնույթ հաղորդել։

Բացի այդ, երկու երկրների պետությունների ղեկավարները հանդես եկան տարբեր ոլորտների զարգացման և արտասահմանյան ներդրումների ներգրավման հարցում համատեղ ջանքերի ու շահերի միավորման լուրջ հայտով։

«Խորհրդարանական հանրապետություններում պետության ղեկավարների լիազորությունները սահմանափակ են, սակայն դրանք կարող են նպաստել արտաքին քաղաքական հարաբերությունների ակտիվացմանը», – ասաց Մելիքյանը։

Նա կարծում է, որ Սարգսյանն ու Զուրաբիշվիլին կարող են լինել գաղափարներ գեներացնող ու առաջ տանող մարդիկ, իսկ այդ գաղափարները կիրականացվեն կառավարության մակարդակով։ Փորձագետը նշեց, որ գնդակն այժմ արդեն գործադիր իշխանության դաշտում է։

Մելիքյանը չի բացառում, որ Վրաստանում նաև իրենց համար են վերաիմաստավորել Հայաստանի կարևորությունը տարածաշրջանում։ Նա ընդգծեց, որ արցախյան պատերազմը բացահայտել է երկու երկրների վախերը։ Թբիլիսիում հասունացել է այն գիտակցումը, որ համատեղ համագործակցությունը կարևոր տարր է, որը կնվազեցնի ռիսկերն ու ընդհանուր ջանքերով ավելիին հասնելու հնարավորություն կտա։ Դա հատկապես ակնհայտ է Հարավային Կովկասում Թուրքիայի ուժեղացման և տարածաշրջանային առանցքային երկրի կարգավիճակ ունենալու Ադրբեջանի հավակնության ֆոնին, որով այս ամբողջ ընթացքում օժտված էր Վրաստանը։

Ինչ են մտածում Թբիլիսիում

Թբիլիսիում ևս դրական են գնահատում այցն ու կողմերի հայտարարությունները։ Վրաստանի նախագահի աշխատակազմի նախկին պետ Պետրե Մամրաձեի խոսքով` ՀՀ նախագահը հենց այնպես չէր ժամանել, նրա այցը քաղաքական բնույթ ուներ։

Արմեն Սարգսյանը նկարել է Արարատ լեռը. Վրաստանի նախագահը լուսանկար է հրապարակել

Մամրաձեն նշեց, որ ՀՀ նախագահը հասկացրեց իր երկրի դիրքորոշումն այն իրադարձությունների և տրանսֆորմացիաների նկատմամբ, որոնք տեղի են ունեցել տարածաշրջանում, և նշեց այն գծերը, որոնք կողմերը չեն հատի։

«Հայ–վրացական հարաբերությունները տարածաշրջանում տեղի ունեցող բոլոր գործընթացներից վեր են դասվում։ Երկրները հարգում են միմյանց դիրքորոշումները, ուստի նոր իրողությունների դեմառդեմ քննարկումը չափազանց կարևոր էր», – ասաց Մամրաձեն։

Նա նշեց, որ այցը քաղաքական առումով կարևոր է, և եթե նույնիսկ ոչ մի նախագիծ կյանքի չկոչվի, Երևանն ու Թբիլիսին, կարելի է ասել, ծանոթացան միմյանց դիրքորոշումներին։ Բացի այդ կարևոր է այն, որ հանդիպեցին երկու երկրների հեղինակավոր ներկայացուցիչները (թեև նրանց լիազորությունները տարբեր են)։

Հիշեցնենք` սա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի երրորդ այցն էր Վրաստան։ Առաջին անգամ նա մեկնել էր 2018 թվականի մայիսի 26-ին` մասնակցելու Անկախության օրվա և Վրաստանի առաջին ժողովրդավարական հանրապետության հիմնադրման 100-ամյակին նվիրված տոնակատարություններին։ Երկրորդ անգամ ՀՀ նախագահը Վրաստան էր մեկնել 2018 թվականի դեկտեմբերին` ներկա լինելու Սալոմե Զուրաբիշվիլու երդմնակալության արարողությանը։