ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի- Sputnik. Ավարտվեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի երկօրյա պաշտոնական այցը Վրաստան։ Այդ կապակցությամբ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Twitter-ում գրառում է կատարել և անվտանգ թռիչք մաղթել հայ գործընկերոջը։
«Մեր երկու ժողովուրդներն ունեն երկար պատմություն, որը մեզ մերձեցնում է։ Մեզանից է կախված վրացի և հայ ժողովուրդների գալիք սերունդների միջև հարաբերությունների ձևավորումը»,- գրել է Վրաստանի նախագահը։
Նույն ձևաչափով վրացի գործընկերոջը պատասխանել է նախագահ Սարգսյանը։
«Ոգեշնչված մտքով ու սրտով ապահով վերադարձա տուն: Շնորհակալություն շատ բարեկամական և արդյունավետ այցի համար: Իրոք, մենք պետք է համատեղենք մեր ջանքերը և էլ ավելի շատ աշխատենք՝ մեր ժողովուրդների երազանքներն իրականացնելու համար»,- գրել է ՀՀ նախագահը:
Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո երրորդ անգամ է այցելում Վրաստան։ Առաջին անգամ նա Թբիլիսի էր մեկնել 2018 թվականի մայիսի 26-ին Վրաստանի առաջին ժողովրդավարական հանրապետության հիմնադրման 100-ամյակի տոնակատարությանը: Իսկ 2018 թվականի դեկտեմբերին ՀՀ նախագահը մասնակցել էր Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը:
Արմեն Սարգսյանն այցելել է Համայն Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդին