Ծառահատում, խաղահրապարակի ապամոնտաժում․ Արաբկիրի թաղապետը դիմել է դատախազություն

Թեպետ ծառահատումները մասնավոր տարածքում են կատարվում, սակայն այն փոքրիկ պուրակ է, ուստի խնդիրը ուսումնասիրել է պետք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի- Sputnik. Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը դիմել է դատախազություն՝ Բաղրամյան 79 ա հասցեի սեփականաշնորհման հիմքերի օրինականությունը ուսումնասիրելու նպատակով։ Տեղեկությունը հայտնում է Արաբկիր վարչական շրջանի մամուլի ծառայությունը Facebook-ի պաշտոնական էջում։

Հիշեցնենք՝ օրերս մամուլում և սոցցանցերում լայնորեն տարածվեցին տեղեկություններ այն մասին, որ Բաղրամյան 79ա հասցեում գտնվող կանաչապատ տարածքում կատարվում են ծառահատման և մանկական խաղահրապարակի ապամոնտաժման աշխատանքներ։

100 ծառ ՝ ի հիշատակ Հայրենական պատերազմի զոհերի. Երևանը միացավ «Հիշատակի այգի» ակցիային

«Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ շուրջ 500 քմ տարածքը սեփականաշնորհվել է ֆիզիկական անձի կողմից։ Հետևաբար, աշխատանքներն իրականացվում են ոչ թե համայնքային սեփականություն հանդիսացող, այլ մասնավոր տարածքում, ինչից ելնելով Երևան համայնքը չունի խնդրին միջամտելու իրավական հնարավորություն»,- նշված է հաղորդագրության մեջ։

Չնայած այս հանգամանքին՝ այնուամենայնիվ, վարչական շրջանի ղեկավարությունը որոշում է կայացրել դիմել դատախազություն՝ հաշվի առնելով այն, որ նշված տարածքը փոքրիկ պուրակ է։

Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ նշված տարածք-պուրակն առերևույթ գտնվում է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, հետևաբար, խնդիրն ուսումնասիրելու անհրաժեշտություն կա։

Թաղապետարանից հիշեցնում են, որ նման խնդիր առաջացել էր նաև «Նոր Արաբկիր» զբոսայգու (Մոլոկանի այգի) տարածքում, ինչի առթիվ ևս հարուցված է քրեական գործ:

Արցախյան պատերազմում զոհված հայերի հիշատակին այգի է տնկվել Կիպրոսում

Հավելենք, որ ավելի վաղ թեմայի վերաբերյալ պարզաբանում էր տարածել Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ Facebook-ի իր էջում նա գրել էր, որ դեռ 2008 թվականին տարածքի սեփականատերը Երևանի քաղաքապետարանի հետ կառուցապատման նախագիծ է համաձայնեցրել, որի հիման վրա, սակայն, երբևէ շինթույլտվություն չի տրվել:

Կարապետյանը տեղեկացրել էր, որ մասնավոր սեփականություն հանդիսացող տարածքներում առկա ծառահատումներն արգելելու կամ թույլատրելու իրավասություն Երևանի քաղաքապետարանը չունի: