Պայթյունից վիրավորում ստացած փրկարարի առողջական վիճակը կայուն է. ԱԻՊԾ

Ջրականի շրջանում անհայտ կորածների որոնումներն արդյունք չեն տվել, դրանք կշարունակվեն Որոտանի ուղղությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. Պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների, կամավորների, ինչպես նաև քաղաքացիական անձանց աճյունների որոնումներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվում են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Որոտանի (Կուբաթլու) ուղղությամբ: Տեղեկությունը հայտնում Facebook–ի էջում հայտնում է Արցախի ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Երեկ Ջրականի շրջանում որոնումներն արդյունք չեն տվել: Կեսօրին տեղի ունեցած ականապայթյունային պատահարից հետո աշխատանքները նույն պահին դադարեցվել են: Պայթյունից վիրավորում ստացած փրկարարի առողջական վիճակը կայուն է: Նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, օրվա երկրորդ կեսին կտեղափոխվի հիվանդասենյակ»,–նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք`երեկ`ապրիլի 15–ին, Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Ջրականի շրջանում (Քենդ Հորադիզ տեղամաս) տեղի ունեցած որոնումների ընթացքում ականապայթյունային վիրավորում էր ստացել ԱԻ պետական ծառայության փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբի հրամանատար Տ.Հ.-ն (ծնված 1975թ.):

Ռուս սակրավորները ականազերծում են Մարտակերտի շրջանի գյուղատնտեսական տարածքները

Զինադադարից հետո որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու ժամանակահատվածում սա նմանատիպ երրորդ դեպքն է:

Առաջին դեպքը տեղի է ունեցել Որոտանի ուղղությամբ. ականի վրա պայթել և վիրավորում են ստացել ՀՀ ԱԻն աշխատակիցները, իսկ հաջորդը՝ Մարտակերտի շրջանային բաժնի փրկարար ծառայողների հետ՝ Թալիշ-Մատաղիս հատվածում:

Բարեբախտաբար, մահվան ելքով դեպքեր չեն արձանագրվել:

Ջրականում ականի պայթյունից վիրավորվել է փրկարարական խմբի հրամանատարը