ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Երևան վերադառնալուց առաջ ամփոփել է վրացի գործընկերոջ` Սալոմե Զուրաբիշվիլիի և այլ պաշտոնյաների հետ հանդիպումների արդյունքները: Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ իր այցը դրական պտուղներ կտա։
Նախագահը կարծում է, որ Հայաստանը, փոքր երկիր լինելով, պետք է ակտիվ և եռանդուն քաղաքականություն վարի բոլոր չորս հարևանների հետ։
«Մենք պետք է ակտիվ, էներգիայով լի արտաքին քաղաքականություն վարենք, Հայաստանն այլընտրանք չունի»,-ասել է նախագահը:
Նրա խոսքով` Հայաստանը պետք է այդպիսի քաղաքականություն վարի ոչ միայն խոշոր տերությունների, այլև ամբողջ աշխարհի՝ փոքր պետությունների նկատմամբ, հատկապես բարեկամ երկրների հետ: Բացի այդ, հայկական դիվանագիտությունը պետք է այս կամ այլ կերպ աշխատի նաև Հայաստանի հանդեպ թշնամաբար տրամադրված պետությունների հետ։
Սարգսյանը հայտարարել է, որ Վրաստանը Հայաստանի բարեկամ երկիրն է, ինչն ապացուցել է պատմությունը։ Նախագահն ընդգծել է, որ ուրախությամբ է եկել Վրաստան, երբ Սալոմե Զուրաբիշվիլին հաստատել է երկու տարվա վաղեմության իր հրավերը:
Վրաստանի իր գործընկերոջ և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում Սարգսյանը քննարկել է երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը:
Հարթակ
Կողմերը մտքեր են փոխանակել քաղաքական և տարածաշրջանային իրադարձությունների, այդ թվում՝ պատերազմի վերաբերյալ։ Նախագահը Վրաստանի իշխանություններին ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը արցախյան վերջին իրադարձությունների, պատերազմի հետևանքների, Ադրբեջանի կողմից գերիների հարցը օգտագործելու վերաբերյալ:
«Դա անթույլատրելի է և անընդունելի, հակամարդկային քայլ է, և իմ դերն այդ հարցը բարձրացնելն է։ Երբ դու այդ մասին խոսում ես այստեղ, քեզ լսում են ոչ միայն Վրաստանի նախագահը, վրաց հասարակությունը, այլև միջազգային հանրությունը»,-ասել է Սարգսյանը։
Սարգսյանն ընդգծել է, որ առանց ղարաբաղյան հարցի վերջնական և արդարացի լուծման անհնար է տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման հասնել: Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության համար Թբիլիսիի առաջարկած հարթակին, նախագահը նշել է, որ այդ առաջարկն առաջին անգամ չէ, որ հնչում է:
«Սա անկեղծ առաջարկ է, բայց որտե՞ղ, ո՞վ և ինչի՞ մասին պետք է բանակցի՝ ինձ համար առայժմ անհասկանալի է։ Միջպետական համագործակցության կամ համատեղ ծրագրերի մասին խոսելուց առաջ հակառակորդը պետք է տարրական մարդկային վերաբերմունք ցուցաբերի»,-ասել է Սարգսյանը։
Նա նշել է` չի հիշում, որ արցախյան առաջին պատերազմից հետո հայկական կողմը Բաքվի նկատմամբ նման վերաբերմունք ցուցաբերեր։
Նախագահը հիշեցրել է, որ պատերազմից հետո Հայաստանն ու հայ ժողովուրդը բախվել են տարբեր խնդիրների: Հազարավոր երիտասարդներ են զոհվել, վիրավորվել։ Դա հսկայական ծանրություն է՝ հոգեբանական, բարոյական, ֆիզիկական և ոչ միայն։
Համատեղ նախագծեր
Նախագահն ընդգծել է, որ վրացական կողմի հետ քննարկել է համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունը, մասնավորապես՝ բիզնեսի ոլորտում: Նա հիշեցրել է, որ Վրաստանում բազմաթիվ հայկական ձեռնարկություններ կան, ինչպես և Հայաստանում՝ վրացական կապիտալով ընկերություններ։
«Վրաստանը մաքսային առավելություններ ունի Չինաստանի և Եվրոպայի հետ, իսկ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է։ Պատկերացրեք, որ հայ-վրացական համատեղ ձեռնարկություններն իրենց ապրանքները կարող են արտահանել ԵՄ, Չինաստան, ԵԱՏՄ»,-ասել է Սարգսյանը։
Բացի այդ, երկու երկրները կարող են համագործակցել մշակույթի, կրթության, ՏՏ տեխնոլոգիաների ոլորտներում, առողջապահության ոլորտում՝ COVID-19-ի դեմ պայքարի մասով: Նախագահը կարծում է, որ երկու երկրների շուկաները մեծ չեն, բայց եթե միավորվեն, ապա շատ ավելի գրավիչ կդառնան ներդրողների համար:
Հայաստանի նախագահը նշել է, որ իր վրացի գործընկեր Սալոմե Զուրաբիշվիլիի հետ պետք է այցելեր նաև Ջավախք, բայց կորոնավիրուսն ու սահմանափակումները խանգարել են:
«Ես հասկանում եմ, որ կորոնավիրուսի պայմաններում այդ տարածք այցելելն անհնար է, քանի որ նույն պատճառով չի կարելի այնտեղ հանդիպել և շփվել մարդկանց հետ»,-ասել է նախագահը։
Հիշեցնենք` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ Թբիլիսի է մեկնել երկօրյա պաշտոնական այցով։ Նրան Թբիլիսիի միջազգային օդանավակայանում դիմավորել է Դավիթ Զալկալիանին։ Սարգսյանը ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո երրորդ անգամ է այցելում Վրաստան։ Առաջին անգամ նա Թբիլիսի էր մեկնել 2018 թվականի մայիսի 26-ին Վրաստանի առաջին ժողովրդավարական հանրապետության հիմնադրման 100-ամյակի տոնակատարությանը: Իսկ 2018 թվականի դեկտեմբերին ՀՀ նախագահը մասնակցել էր Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը: