Վրաերթի հետևանքով պայմանագրային զինծառայողներ են մահացել. ՊՆ-ն մանրամասներ է հայտնում

Վրաերթի ենթարկված մեկ զինծառայող ստացիոնար բուժման է ընդունվել ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, առողջական վիճակը գնահատվում է ծանր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի - Sputnik. Ապրիլի 15-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արամուս գյուղի մոտակայքում, վրաերթի ենթարկվածները N զորամասի զինծառայողներ են եղել, որոնք երթ էին իրականացնում: Տեղեկությունը հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Վրաերթի հետևանքով տեղում մահացել են պայմանագրային զինծառայողներ, ավագ սերժանտ Արամ Վահանի Բադալյանը (ծնվ. 1988թ., ԶԶՀԾ Երևանի թիվ 1 ՏՍ) և կրտսեր սերժանտ Լևոն Սամվելի Մկրտումյանը (ծնվ. 1992թ., ԶԶՀԾ Տավուշի ՄՏՍ):

Կատարվում է քննություն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Արամ Բադալյանի և Լևոն Մկրտումյանի ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Վրաերթի ենթարկված մեկ զինծառայող ստացիոնար բուժման է ընդունվել ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, առողջական վիճակը գնահատվում է ծանր: Մյուս զինծառայողները ՊՆ ԿԿԶՀ-ում բժշկական զննություն անցնելուց հետո վերադարձել են ծառայության վայր:

Ավելի վաղ վթարից մանրամասներ էր հաղորդել ՀՀ ոստիկանությունը։