«Բայրաքթարի» մասերի վաճառքի հարցով պատերազմի 1–ին օրերին է հանձնարարական տրվել. Նաղդալյան

ԱԳՆ խոսնակն անդրադարձել է «Բայրաքթարների» մասին կանադական կողմի ինֆորմացիա ստանալ–չստանալու մասին լուրերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի - Sputnik. Արցախյան 2-րդ պատերազմի առաջին իսկ օրերից Թուրքիայի ներգրավվածությանը և վերջինիս կողմից ահաբեկիչների տեղափոխման, Ադրբեջանի կողմից արգելված զինատեսակների կիրառման վերաբերյալ տարբեր զեկույցներ են ուղարկվել միջազգային գործընկերներին։ «Արմենպրեսի» հետ հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը` անդրադառնալով Կանադայի Հայ դատի գրասենյակի հայտարարությանը։

ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է Ալիևի հայտարարություններին

Գրասենյակն ասում էր, որ Կանադան Հայաստանին խնդրել է տրամադրել ցանկացած տեղեկատվություն, որը հնարավորություն կտա ապացուցել կանադական տեխնոլոգիաների կիրառումը «Բայրաքթար» անօդաչուներում։ Սակայն Հայաստանի իշխանությունները չեն տրամադրել որևէ տեղեկատվություն` այդպիսով հետաքննության ընթացքում չօժանդակելով կանադական իշխանություններին:

««Բայրաքթարի» մասեր արտադրող երկրներում մեր դեսպանություններին, այդ թվում՝ Կանադայում ՀՀ դեսպանությանը, դեռ պատերազմի օրերին հանձնարարականներ տրվեցին՝ դիմելու դեսպանընկալ երկրներին` դադարեցնելու դրանցում կիրառվող մասերի մատակարարումը Թուրքիային: Արդյունքում, Կանադայում գլխադասային «Բոմբարդիր» ընկերությունը, անտեսելով իր բիզնես պարտավորությունները, դադարեցրեց իր ավստրիական դուստր «Ռոտաքս» ընկերության կողմից արտադրվող շարժիչների վաճառքը Թուրքիային»,–ասել է Նաղդալյանը։

Բրիտանական ընկերությունը դադարեցրել է բաղադրիչներ մատակարարել թուրքական «Բայրաքթարներին»

Նա վստահեցրել է, որ նույն աշխատանքն իրականացվել է նաև «Վեսքամի» ուղղությամբ։ Անհրաժեշտ տեղեկատվությունը փոխանցվել է ՀՀ դեսպանություններ այն ստանալուն պես: Նաղդալյանը նշում է` վերոնշյալ աշխատանքն իրականացվել է նաև կանադական ուղղությամբ, թեև կանադական կողմը պաշտոնապես նման տեղեկատվություն չի հայցել:

ՀՀ ԱԳՆ խոսնակը հավելել է, որ խոսքը ոչ թե մամուլում հրապարակված տեղեկատվության և հայտարարությունների մասին է, այլ փաստական ապացույցների, որոնք բացառապես ծառայողական կիրառման համար են:

Հիշեցնենք, որ դեռ պատերազմի օրերին` 2020-ի հոկտեմբերի 24-ին, հայտնի դարձավ, որ կանադական «Bombardier Recreational Products»-ը (BRP) դադարեցնում է ավիացիոն շարժիչների մատակարարումները Թուրքիային։

«Բայրաքթարներին» հակակշիռ ունենալու համար ոչ միայն փող ու կադրեր են պետք