«Ստախոսներից այլ բան չէր կարելի սպասել». Օնիկ Գասպարյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին

Օնիկ Գասպարյանը շեշտել է, որ ճշմարտությունն օբյեկտիվորեն կարող է բացահայտվել միայն գործող վարչապետի հրաժարականի և իշխանափոխության դեպքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը ArmLur.am-ի հետ զրույցում արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

Ո՞վ է ստում` Օնիկ Գասպարյա՞նը, թե՞ Արմեն Գրիգորյանը. զինվորականները զարմացած են

Փաշինյանն այսօր Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ Գասպարյանի` նոյեմբերի 17-ի հայտարարությունը, թե անհրաժեշտ է 2-3 օրվա ընթացքում պատերազմը կանգնեցնել, իրականության հետ որևէ աղերս չունի։

«Այլ բան այս բարոյազուրկ ստախոսներից, ըստ էության, չէր կարելի սպասել։ Ես կրկին հաստատում եմ նոյեմբերի 17-ին իմ կողմից կատարված հայտարարությունը։ ՀՀ վարչապետը և ԱԽ քարտուղարն անամոթաբար խեղաթյուրում են իրականությունը և, օգտագործելով իշխանական լծակները, հանրությանը մոլորության մեջ են մտցնում։ ԱԽ նիստերի արձանագրությունները կարող են կեղծվել և ներկայացվել իրենց համար ցանկալի տարբերակով»,– ասել է Գասպարյանը։

Նրա խոսքով` ճշմարտությունն օբյեկտիվորեն կարող է բացահայտվել միայն գործող վարչապետի հրաժարականի և իշխանափոխության դեպքում։ Միայն այդ ժամանակ հնարավոր կլինի պարզել ողջ իրականությունը։

Հիշեցնենք` Գասպարյանն իր հայտարարության մեջ նշել էր, որ պատերազմի չորրորդ օրը Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ներկայացրել է մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ ԶՈւ գնահատականը` նշելով, որ 2-3 օրվա ընթացքում անհրաժեշտ է պատերազմը կանգնեցնել։

Կրկնակի ծափահարություններ Փաշինյանին. սոցցանցերում քննադատում են իմքայլականներին