Փաշինյանը հայտնեց, թե երբ հրաժարական կտա, ու որ դեպքում արտահերթ ընտրություններ չեն կայանա

Վարչապետը հույս հայտնեց, որ քաղաքական ուժերից ոչ մեկը քաղաքական ինքնասպանության փորձ չի անի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի - Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կներկայացնի ապրիլի 20-ից հետո։ Այս մասին նա հայտարարել է այսօր ԱԺ-ում պատգամավորների հարցերին պատասխանելիս։

Նիկոլ Փաշինյանը խոստանում է հրապարակել Օնիկ Գասպարյանի ասածը

«Հրաժարական պատրաստվում եմ տալ ապրիլի վերջին տասնօրյակում, որից հետո, համաձայն խորհրդարանական ուժերի և ՀՀ նախագահի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների՝ տեղի կունենան վարչապետի ընտրություններ։ Ես «Իմ քայլը» խմբակցության կողմից կառաջադրվեմ թեկնածու, որովհետև Սահմանադրության ձևակերպումները պարտադրում են, որ, այնուամենայնիվ, լինի վարչապետի թեկնածու, մյուս խմբակցությունները վարչապետի թեկնածու չեն առաջադրի, «Իմ քայլը» խմբակցությունն ինձ վարչապետ չի ընտրի, երկրորդ անգամ ես «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից էլի կառաջադրվեմ վարչապետի թեկնածու, վարչապետի այլ թեկնածու էլի չի առաջադրվի, կրկին վարչապետ չի ընտրվի, ԱԺ–ն իրավունքի ուժով կհամարվի լուծարված, որից հետո կնշանակվեն ընտրություններ` 2020թ–ի հունիսի 20-ին»,– ասաց Փաշինյանը։

Քաղաքական այս պայմանավորվածություններից շեղվելու փորձը Նիկոլ Փաշինյանը որակեց որպես քաղաքական ինքնասպանություն` հավելելով, որ այդ դեպքում «Իմ քայլը» իրեն կընտրի վարչապետ, ու դրանով արտահերթ ընտրությունների թեման կփակվի։

«Կարծում եմ, որ ոչ մեկը քաղաքական ինքնասպանության փորձ չի անի»,- ասաց նա։

Նոր ատոմակայանի, նոր պղնձաձուլարանի ու երկաթուղու բացումը մեկ շղթայի օղակներ են. Փաշինյան

Փաշինյանը նաև վստահեցրեց, որ ընտրությունների արդյունքները փոխելու փորձ իշխանությունը չի կատարի։

«Դա բացառված է, մենք մեր ձեռքերը կկտրենք, բայց ՀՀ որևէ քաղաքացու քվեին չենք կպնի, այդ քվեն մեզ համար անձեռնմխելի է»,– ասաց նա։

Միաժամանակ, ըստ նրա, իրավապահ մարմինները պատրաստ են արտահերթ ընտրությունները կյանքի կոչելու։