«Օնիկ Գասպարյանը չի ասել, որ պետք է կանգնեցնել պատերազմը». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետը հերքեց Օնիկ Գասպարյանի հայտարարությունը` նշելով, որ նա ճիշտ հակառակն է պնդել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի` նոյեմբերի 17-ի հայտարարությունը, թե անհրաժեշտ է 2-3 օրվա ընթացքում պատերազմը կանգնեցնել, իրականության հետ որևէ աղերս չունի։ Այսօր Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ո՞վ է ստում` Օնիկ Գասպարյա՞նը, թե՞ Արմեն Գրիգորյանը. զինվորականները զարմացած են

Նշենք, որ դեռ 2020-ի նոյեմբերի 17-ին Օնիկ Գասպարյանը հայտարարություն էր տարածել ու ասել, որ պատերազմի չորրորդ օրը  Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ներկայացրել է մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ ԶՈւ գնահատականը` նշելով, որ 2-3 օրվա ընթացքում անհրաժեշտ է պատերազմը կանգնեցնել։

«Գասպարյանը նման բան չի ասել. դա արձանագրված է պաշտոնապես, կա ձայնագրություն։ Ընդհակառակը, 2020-ի սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած անվտանգության նիստի ժամանակ Գասպարյանն ասել է` հակառակորդը ոչ մի առաջխաղացում չի ունեցել, բանակը կատարում է իր առջև դրված խնդիրը և մինչև վերջ կկատարի»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` Օնիկ Գասպարյանը սեպտեմբերի 30-ին չէր էլ կարող նման հայտարարություն անել, քանի որ օգոստոսի 21-ին ԱԽ նիստի զեկույցում հավաստիացրել է` արցախյան ուղղությամբ կարող ենք առկա ուժերով ու միջոցներով ոչ մի քայլ հետ սկզբունքով հետ մղել ու ձախողել հակառակորդի հարձակումը։

Ինչու չէր կասեցվում պատերազմը, և ինչու այդ օրերին հեռացավ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը

Փաշինյանի խոսքով` այս ամենը չի նշանակում, որ ՀՀ քաղաքական ղեկավարությունը քայլեր չի արել, որպեսզի հրադադար լինի։ Նա հիշեցրեց, որ պատերազմի ժամանակ երեք անգամ հրադադարի պայմանավորվածություն է ձեռք բերվել։

ՀՀ վարչապետը հավելեց, որ հրադադարի պայմանավորվածությունները չեն պահպանվել Ադրբեջանի կողմից։

«Չեմ պատրաստվում պետական գաղտնիք բացել»․ Դավիթ Տոնոյանը՝ «Իսկանդերի» կիրառման մասին