Սերժ Սարգսյանի գրասենյակը հրաժարվում է մեկնաբանել «կապիտուլյանտի հնչեցրած ստերը»

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը գտնում է, որ նույն թեմաներով, նույն հարցերի շրջանակում պատասխաններ տալն անիմաստ է, և հրաժարվում է մեկնաբանել Փաշինյանի հայտարարությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի - Sputnik․ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը հրաժարվում է մեկնաբանել Փաշինյանի` այսօր ԱԺ–ում արած հայտարարությունները։

«Ազգային Ժողովում կապիտուլյանտի այսօր հնչեցրած ստերի առիթով խնդրում ենք զանգվածային լրատվամիջոցներին այլևս չդիմել և հարցումներ չուղարկել ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ՝ այդ զառանցանքներին մեր արձագանքը ստանալու ակնկալիքով»,– ասվում է գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը երկար ժամանակ մանրամասն ու փաստարկված պատասխանում էր Փաշինյանի «հերյուրանքներին, ի ցույց դնում նրա կեղծիքները, իրականության նենգափոխումը և տգիտությունը, սակայն կապիտուլյանտը համառորեն շարունակում է իր կեղտոտ մանիպուլյացիաները»:

«Թող անուն տա, թե չէ ինքն ապացուցում է, որ անգրագետ և սուտասան է». Օհանյանը` Փաշինյանին

Սերժ Սարգսյանի գրասենյակը գտնում է, որ նույն թեմաներով, նույն հարցերի շրջանակում հարցերին պատասխանելն անիմաստ է, քանզի Փաշինյանի «ցինիկ ստերն ու կեղծիքները» բացահայտող բազմաթիվ փաստեր, այդ թվում՝ դիվանագիտական, ռազմական, քաղաքական ոլորտներում, վաղուց հանրության սեփականությունն են և հեշտությամբ հասանելի են համացանցում:

Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանն այսօր` ապրիլի 14-ին, ԱԺ–ում հայտարարել էր, որ ՀՀ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը Սերժ Սարգսյանի հրահանգով է հայտարարություն գրել և ստորագրել։

Ըստ նրա` 2020 թվականի դեկտեմբերի 19-ին Օնիկ Գասպարյանը ընդունելություն է խնդրել Սերժ Սարգսյանից, հանդիպել է նաև պետական հեղաշրջման փորձի շրջանում։

Ընդ որում, այդ հանդիպումն, ըստ Փաշինյանի` եղել է նախագահ Արմեն Սարգսյանի մոտից դուրս գալուց հետո, որտեղից Օնիկ Գասպարյանը գնացել է Սերժ Սարգսյանի հետ հանդիպման։

Նիկոլ Փաշինյանը խոստանում է հրապարակել Օնիկ Գասպարյանի ասածը