ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի - Sputnik. Լելե Թեփեի օպերացիայի առաջարկի հեղինակը եղել է գեներալ։ ԱԺ–ում նման հայտարարությամբ հանդես եկավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով լուրերին, թե հանձնարարել է գրավել այդ բարձունքը, ինչի հետևանքով էլ 700 զոհ ենք ունեցել։
«Լելե Թեփե օպերացիայի առաջարկը կյանքի կոչելու հնարավորության գնահատումն իրականացրել է գեներալ, և որոշումը կայացրել է գեներալ։ Ընդ որում՝ այնպիսի գեներալների մասին է խոսքը գնում, որոնք այդ պահին այդ որոշումն իրականացնելու հնարավորություն ունեցել են»,–ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ ներկա է եղել խոսակցության մի հատվածին, մոդերացիա է արել, սակայն սեփական կարծիք ընդհանրապես չի հայտնել։ Վարչապետը նշեց` այդ օպերացիայի վերաբերյալ ամենաբարձր աստիճանին է հարցրել, թե ինչ կարծիքի է, որն էլ պատասխանել է, թե լավ միտք է։ Միայն դրանից հետո, ըստ վարչապետի, իրադրությունը գնահատել են, զեկուցել, թե դա պետք է և կարելի է անել։
Ավելի ուշ Փաշինյանը կրկին անդրադարձավ Լելե Թեփեի թեմային` նշելով, որ հակառակորդը ճեղքել էր և առաջխաղացում ունեցել դեպի Ջաբրայիլ` ուղղությունը վերցնելով դեպի Հադրութ։ Ստեղծված իրավիճակում, ըստ նրա, Արցախյան հերոսամարտի ամենաակտիվ դեմքերից մեկն էլ առաջարկել է, որ պետք է հյուսիսից կտրել ճեղքումն ու տարանջատել հակառակորդի ուժերը։ Դրանից հետո քննարկում է եղել, ՊԲ-ն իրավիճակն ուսումնասիրել է և ԳՇ–ին ասել, որ կարելի է այդ օպերացիան իրականացնել։
Թուրքերը մեր թշնամի՞ն են. Նիկոլ Փաշինյանը պատասխանեց այս հարցին
«Այդ օպերացիան սկսվել է, մի քանի ժամ հաջող իրագործվել և ավարտին չի հասել, քանի որ տանկային միավորումներից մեկը չի մասնակցել օպերացիային»,-ասել է Փաշինյանը։
Տանկային նշված միավորման հրամանատարը եղել է, ըստ Փաշինյանի, այսօր ակտիվ ընդդիմադիր գործունեություն վարող գեներալներից մեկի որդին, որը չի կատարել իր պարտականությունները։ Իսկ թե ինչու՝ քննությունը կպարզի։