Ադրբեջանն իր հայատյաց հայտարարություններով խոչընդոտում է բանակցությունների վերսկսմանը. ԱԳՆ

ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը մեկնաբանել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik․ ԼՂ հակամարտության վերջնական կարգավորում կարող է համարվել միայն քաղաքական բանակցված կարգավորումը, որը հաշվի կառնի կողմերի իրավունքները և կորոշի Արցախի կարգավիճակը` հիմնված ինքնորոշման իրավունքի վրա։ Այսօր ԱԺ–ում մեկնաբանելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների երեկվա հայտարարությունը, այս մասին ասաց ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը։

ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները պատրաստ են այցելել Ղարաբաղ. նրանք հայտարարություն են տարածել

«Համանախագահները փաստում են, որ նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ բոլոր դրույթներն են կյանքի կոչվել և կոչ են անում քայլեր ձեռնարկել մարդասիրական իրավունքի շրջանակներում գերիների և այլ պահվող անձանց անհապաղ հայրենադարձության, Արցախ` միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքի և մշակութային ժառանգության վերաբերյալ։ Սա ևս մեկ անգամ միջազգային հանրության, այս անգամ` ՄԽ համանախագահների միջոցով հերթական կոչն է Ադրբեջանին` կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ իր վրա վերցրած հանձնառությունները և միջազգային պարտավորությունները և հրաժարվել ապակառուցողական դիրքորոշումներից»,– ասաց Այվազյանը։

ՄԽ համանախագահների երրորդ ուղերձը, նրա խոսքով, կողմերին արված կոչն է բարձր մակարդակով խորհրդակցույուններ սկսելու։ ՀՀ ԱԳ նախարարը շեշտեց, որ Հայաստանը երբեք չի խուսափել հանդիպումներից, բայց դրանց կայացման համար, նրա դիտարկմամբ, պետք է ստեղծել ձևաչափ և օրակարգ։ Մինչդեռ Ադրբեջանն իր ռազմատենչ ու հայատյաց հայտարարություններով ու դիրքորոշմամբ խոչընդոտում է նման մթնոլորտի ձևավորմանը։

«Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը շատ օգտակար էր». վարչապետն ասաց` ինչու

Հիշեցնենք` ապրիլի 13-ին տարածած հայտարարության մեջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ԼՂ հակամարտության կողմերին կոչ էին արել իրենց հովանու ներքո որքան հնարավոր է շուտ վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, ուղիղ երկկողմ խորհրդակցությունների միջոցով առանց նախապայմանների քննարկել և համաձայնեցնել իրենց առաջնահերթությունները արտացոլող համատեղ օրակարգ։

Մինսկի խմբի համանախագահները չեն կարողանում պատերազմից հետո Արցախ այցելել. Մարուքյան