Ընդդիմադիր շատ գործիչներ մեծ հիասթափություն են ապրում. ո՞ր է պատճառը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթն իր այսօրվա համարում անդրադարձել է սպասվող արտահերթ ընտրություններին և խոսել ընդդիմության մեջ ձևավորվող խմորումների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. «Հրապարակ» թերթին հայտնի է դարձել, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ընդդիմության մեծ համախմբում չի ստացվում, անգամ կարող է փոքր համախմբում էլ չստացվել։

Թերթը գրում է, որ ընդդիմադիր դաշտում հույս ունեին, որ կհաջողվի համախմբել հիմնական ուժերին և եթե ոչ մեկ ընդհանուր ճակատով գնալ ընտրությունների, ապա գոնե մի քանի մեծ բլոկներով, ինչը նաև ընտրողի մոտ հույսեր կարթնացներ և ուժերի հավասարակշռությունը կթեքեր դեպի ընդդիմությունը։

Սամվել Բաբայանը մասնակցելու է առաջիկա ընտրություններին

«Սակայն այս օրերին ընդդիմադիր շատ գործիչներ մեծ հիասթափություն են ապրում, քանի որ ակնհայտ է՝ մեծ համախմբում չի ստացվում, անգամ կարող է փոքր համախմբում էլ չստացվել։ Եվ ներքին քննարկումներում մատնացույց են անում դրա հիմնական մեղավորներին՝ Սերժ Սարգսյան և Ռոբերտ Քոչարյան։ Ասում են, որ վերջիններս ավելի շատ իրար դեմ են պայքարում, քան Նիկոլ Փաշինյանի։ Մինչդեռ եթե նրանք մի կողմ դնեին տարաձայնությունները և միավորվեին, ապա Նիկոլի հարցերն արագ կլուծվեին»,–գրում է թերթը։

«Հրապարակի» տվյալներով` ճիշտ է՝ Սերժ Սարգսյանն իշխանություն վերցնելու հավակնություններ չունի ու առաջին հերթին իր թիմի հարցն է փորձում լուծել, բայց նաև ամեն ինչ անում է, որ Ռոբերտ Քոչարյանն էլ չգա իշխանության։

«Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, ապա նա էլ մեծ և չարդարացված ամբիցիաներ ունի, չի ուզում որևէ մեկի հետ կոմպրոմիսի գնալ և կարծում է, որ ինքը պետք է դոմինանտ լինի ու ցուցակն էլ միանձնյա կազմի։

Սա է պատճառը, որ նրան միանալու պատրաստ շատ ուժեր տատանվում են և չեն ուզում շոգեքարշի վերջին վագոնի դերը ստանձնել։ Անգամ ՀՅԴ-ն կամուկացի մեջ է։ Ընդդիմության նման պառակտվածությունը բացառապես Նիկոլ Փաշինյանին է ձեռնտու»,–գրում է թերթը:

Ո՞ր դեպքում Լևոն Տեր-Պետրոսյանի կուսակցությունը կմասնակցի ընտրություններին

Հիշեցնենք՝ մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ կկայանան: Ավելի ուշ Ազգային ժողովը հաստատեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան միայն համամասնական ընտրակարգով։