ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnnik. Անկարայի դատարանն ազատ է արձակել տասը պաշտոնաթող ծովակալներին, որոնք ավելի վաղ ձերբակալվել էին Մոնտրեի կոնվենցիայի պաշտպանությանն ուղղված կոլեկտիվ նամակի համար: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին։
Նշվում է, որ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին հրապարակվել էր 103 թուրք պաշտոնաթող ծովակալների նամակը, որոնք Մոնտրեի կոնվենցիան անվանում էին Թուրքիայի դիվանագիտական հաղթանակ, որով վերականգնվել են վերջինիս ինքնիշխան իրավունքները Բոսֆորի և Դարդանելի նեղուցների նկատմամբ։ Նրանք հայտարարել են, որ անընդունելի են այդ համաձայնագրի վերանայման շուրջ բանավեճերը «Ստամբուլ» ջրանցքի նախագծի հետ կապված, որն անցնելու է Բոսֆորին զուգահեռ և Մարմարա ծովը կապելու է Սև ծովի հետ։
Նամակում նաև կարծիք էր արտահայտվում Թուրքիայի ներկայիս Սահմանադրության պահպանման անհրաժեշտության մասին՝ երկրի նոր հիմնական օրենքի մշակման Էրդողանի կոչերի ֆոնին, նաև դատապարտվում էին «փորձերը, որոնք ցույց են տալիս, որ Թուրքիայի զինված ուժերը հեռանում են հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի պատգամներից»: Ապրիլի 5-ին հայտնի էր դարձել, որ ոստիկանությունը ձերբակալել է նամակը ստորագրած 10 ծովակալի։