Լրագրողին հարվածելն իրավական ընթացք չի ստանա. ՀՔԾ-ն քրեական գործ չի հարուցել Արշակյանի դեմ

Երևանի սրճարաններից մեկում լրագրողը մոտեցել էր Հակոբ Արշակյանին և հարցրել, թե ինչու է աշխատանքային ժամին սրճարանում։ Րոպեներ անց Արշակյանը մոտեցել էր լրագրողին, հարվածել նրան, կոտրել համակարգիչը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Լրագրող Փայլակ Ֆահրադյանին հարվածելու համար ԲՏԱ նախկին նախարար Հակոբ Արշակյանի դեմ քրեական գործ չի հարուցվի։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից։

«Նախապատրաստված նյութերի հիման վրա որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ հանցակազմի բացակայության հիմքով», - ասացին ՀՔԾ-ից։

Հիշեցնենք՝ մարտի 19-ին լրագրող Փայլակ Ֆահրադյանը Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարել էր, որ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը բառացիորեն հարձակվել է իր վրա:

«Իմ ընկերն է, բայց շատ վատ եմ գնահատում». Ալեն Սիմոնյանը` Արշակյանի միջադեպի մասին

Նրա խոսքով` դեպքը տեղի է ունեցել Երևանում գործող սրճարաններից մեկում: Լրագրողը մոտեցել է նախարարին ու հարցրել, թե ինչու է նախարարն աշխատանքային ժամը որոշել անցկացնել սրճարանում:

Արշակյանը նախ ասել է, որ գիշերային ժամերին է աշխատում, իր համար բոլոր ժամերն աշխատանքային են: Դրանից հետո խնդրել է լրագրողին անջատել տեսախցիկը, այնուհետև սկսել է սպառնալ: Լրագրողը բարձրացել է սրճարանի երկրորդ հարկ և սկսել աշխատել։

Հակոբ Արշակյանը հարձակվել է լրագրողի վրա. դեպքը կքննի ՀՔԾ–ն

Հակոբ Արշակյանը լրագրողի հետևից բարձրացել է ու հարվածել նրան, ինչպես նաև կոտրել վերջինիս համակարգիչը։ Համացանցում տարածվեց միջադեպի տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է նախարարը քաշքշում լրագրողին, նրա կին գործընկերոջը, ապա հարվածում Փայլակի դեմքին և կոտրում համակարգիչը։

Նույն օրը Արշակյանը Facebook–ի իր էջում անդրադարձավ տեղի ունեցածին, ներողություն խնդրեց և վստահեցրեց, որ պատրաստ է պատասխանատվություն կրել միջադեպի կապակցությամբ։

Օրեր անց՝ մարտի 31-ին, նա հրաժարականի դիմում ներկայացրեց։

Վեճից առաջ Հակոբ Արշակյանը կնոջ հետ ընդմիջում է արել սրճարանում. տեսանյութ և մանրամասներ