ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnnik. ՀՀ վճռաբեկ դատարանը բավարարել է դատախազության բողոքը և Նարեկ Սարգսյանին կալանավորելու որոշում կայացրել։ Այս մասին հայտնում է ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
ՀՀ ԱԱԾ–ում քննվող քրեական գործով 2018թ․ հունիսից հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանը 2019թ․ դեկտեմբերի 21-ին արտահանձվել էր Հայաստան և կալանավորվել։
Նարեկ Սարգսյանը թաքնվում էր Չեխիայում` Ֆրանկլին Գոնսալես անվամբ։ Միջազգային հետախուզման մեջ գտնվող Սարգսյանը հայտնաբերվել և ձերբակալվել էր 2018թ.–ի դեկտեմբերի 6-ին Պրահայում։
Նա մեղադրվում է 2018-ի հունիսին ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու, ինչպես նաև՝ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու համար:
Հայաստան տեղափոխվելուց հետո Նարեկ Սարգսյանի պաշտպանները կալանքի որոշումը բողոքարկել էին ՀՀ վերաքննիչ դատարանում, որի 2020թ․ նոյեմբերի 12-ի որոշմամբ Սարգսյանն ազատվել էր կալանքից և նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել 25 մլն դրամ գրավը։
ՀՀ վերաքննիչ դատարանի այս որոշումը դատախազությունը բողոքարկել էր Վճռաբեկ դատարանում, որն էլ ապրիլի 12-ին բավարարել էր դատախազության բողոքը։
Նարեկ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։ 2020թ․ հեկտեմբերի 9-ին այն մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։
Դատական հերթական նիստը նշանակված է ապրիլի 22-ին։