Սերգեյ Ղազինյանի տեղեկացմամբ`ՄԻՊ–ի աշխատակազմը պատերազմի սկսման առաջին իսկ օրից ակտիվորեն ներգրավվել է Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների, պատերազմական հանցագործությունների արձանագրման և դրանց վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացման աշխատանքներում, որոնց արդյունքները ներկայացվել են միջազգային գործընկերներին և ՀՀ իրավասու պետական մարմիններին։
«Կարևոր ուղղություններից մեկը եղել է փաստահավաք աշխատանքը, որի արդյունքում հավաքագրվել են տեսանյութեր, լուսանկարներ և այլ նյութեր, որոնք վկայում են Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների և մարդու իրավունքների կոպիտ խախտումների մասին։ Նպատակը, բնականաբար, իրականության օբյեկտիվ ներկայացումն է, թե ինչպիսի վայրագություններ են կատարվել ադրբեջանական զինված ուժերի կողմից»,– նշեց ՄԻՊ–ի խորհրդականը։
Ղազինյանի փոխանցմամբ` ՄԻՊ–ի գրասենյակի փաստահավաք աշխատանքի արդյունքները ներկայացվել են նաև Եվրոպական դատարանին։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը գերիների խնդրի առնչությամբ հանդես է եկել նաև արտահերթ զեկույցով, որը կազմվել է հայ ռազմագերիների հարցազրույցների հիմքի վրա։ Ղազինյանի պնդմամբ`ելնելով միջազգային հումանիտար իրավունքի սկզբունքից, գերիների հարցը երբեք չի կարող քաղաքականացվել, ինչն անում է Ադրբեջանը։
ՄԻՊ–ի խորհրդականի պնդմամբ` Միջազգային կոնվենցիայի համաձայն ռազմագերիներն առհասարակ պետք է անհապաղ վերադարձվեն անկախ այն հանգամանքից, թե այդ մասին հրադադարի հայտարարություններում որևէ արձանագրություն կամ ամրագրված կետ կա, թե ոչ։ Ադրբեջանն այս պարագայում ոչ միայն չի հետևում իր իսկ ստորագրած փաստաթղթի իրագործմանը, այլև գերիների հարցը փորձում է դարձնել տարբեր շահարկումների առարկա, ինչն անթույլատրելի է և անընդունելի։