ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Դոլարի փոխարժեքը շուրջ կես տարի անընդմեջ բարձրանալուց հետո վերջին մի քանի օրվա ընթացքում Հայաստանում նվազել է շուրջ 15-20 դրամով։ Այսօր այս խնդրին ԱԺ-ի ամբիոնից անդրադարձավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը՝ արձանագրելով, որ նման անսպասելի անկման պատճառը եղել է այն, որ ԿԲ-ն միանգամից 56 մլն դոլարի ներարկում է արել ՀՀ ֆինանսական շուկա։
«Ես ուզում եմ հասկանալ՝ երբ դոլարի գինը 530-532 դրամից 2 օրվա մեջ հասավ 545-547 դրամի, դա օրինաչա՞փ երևույթ էր»,- ասաց Մելքումյանը, ԿԲ-ից պահանջելով հրապարակավ մեկնաբանել, թե ինչ է կատարվում ՀՀ ֆինանսական շուկայում, և ի վերջո ԿԲ-ն իր գործառույթներն իրականացրե՞լ է, թե՞ ոչ։
«2 օր դու հետևում ես, որ անընդհատ աճում է ու մի կախարդական փայտիկի հարվածով իջեցնում են։ Հիմա մենք չգիտենք, թե հաջորդիվ ինչ է լինելու, 56 մլն-ը բավարա՞ր էր, թե՞ չէ։ Թող բացատրեն։ Արտարժույթ չկա՞ երկրում»,- ասաց Մելքումյանը։
Ընդդիմադիր պատգամավորը նաև կարծիք հայտնեց, որ դոլարի փոխարժեքի շարունակվող բարձրացումը հետևանք է արտահանման ծավալների կրճատման, ներդրումների դադարեցման, շինարարության ծավալների անկման և այլն, ԿԲ-ից ակնկալելով այս բոլոր հարցերի պատասխանները։
Հիշեցնենք՝ ապրիլի 6-ին, երբ ԱԺ-ում ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանին հարցրին, թե արդյո՞ք դոլարի փոխարժեքի բարձրացումն ու ՀՀ-ում գրանցվող գնաճը կառավարելի են, Երիցյանն ասաց․ «Իրավիճակը կառավարելի է, հակառակ դեպքում ես այսօր չէի գա, կզբաղվեինք այդ գործով»։
Երկու օր անց՝ ապրիլի 8-ին, ԿԲ-ն հայտարարեց, որ ՀՀ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով ՀՀ արտարժութային շուկայում գործառնություններ կիրականացնի։
Այդ գործառնությունների արդյունքում դոլարի փոխարժեքը Հայաստանում միանգամից նվազեց շուրջ 20 դրամով։
Ինչու է դոլարի փոխարժեքը տատանվում և ինչ զարգացումներ են սպասվում արժութային շուկայում