ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik.Հայաստանի հանրապետական կուսակցության ղեկավար, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ–ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցերը, հայ-ռուսական երկկողմ փոխգործակցության հեռանկարները։ Դիտարկվել է նաև Լեռնային Ղարաբաղում ընթացած վերջին պատերազմի հետևանքների հետ կապված հարցերի լայն շրջանակ, այդ թվում` Հայաստան ռազմագերիների ու պահվող անձանց վերադարձի ուղղությամբ լրացուցիչ միջոցառումների և զոհված զինծառայողների մարմինների որոնումների վերաբերյալ»,– Facebook-ի իր էջում գրել է Աշոտյանը։
Սերժ Սարգսյանը անդրադարձել է նաև ներքաղաքական իրավիճակի հետ կապված հարցերին։
Հիշեցնենք, որ Սարգսյանը երկու ամիս առաջ` փետրվարի 4-ին, նույնպես հանդիպել էր Կոպիրկինի հետ։
Գերիների վերադարձի ուղղությամբ զբաղվելու է անձամբ Ռուստամ Մուրադովը. Կոպիրկին