Հայաստանը տիեզերագնացներ չի ունեցել, բայց փոխարենն ունեցել է «տիեզերանվաճ» գիտնականներ

Այնպես է ստացվել, որ Հայաստանը տիեզերագնացության ողջ պատմության ընթացքում այդպես էլ տիեզերագնացներ չունեցավ, բայց հայերն իրենց ավանդը ներդրեցին մարդու կողմից տիեզերքի յուրացման մեջ։
Sputnik

Խորհրդային մարդու առաջին թռիչքը տիեզերք մարդկության պատմության մեջ նշանակալից իրադարձություն դարձավ: Այն հաճախ իր մասշտաբներով համեմատում են Ամերիկայի հայտնագործության հետ: Հայաստանը, ինչպես խորհրդային մյուս հանրապետությունները, մեծ ջանքեր գործադրեց տիեզերքի զարգացման և յուրացման գործում: Sputnik Արմենիան տիեզերք մարդու առաջին թռիչքի 60-ամյակի կապակցությամբ հետաքրքիր փաստեր է հավաքել հայ գիտնականների դերի մասին:

Ավելի լավ, քան NASA–ի մոտ

Հայաստանում սարքեր էին ստեղծվում, որոնք իրենց ցուցանիշներով գերազանցում էին NASA–ի ամերիկյան անալոգները, և այդ հարցում առանցքային դերակատարում ունեցավ Գրիգոր Գուրզադյանը։ ԽՍՀՄ տիեզերագնացության մեջ առանցքային որոշ ուսումնասիրություններ հնարավոր չէ պատկերացնել առանց Գուրզադյանի ստեղծած «Օրիոն» աստղադիտակների:

Գուրզադյանի որդին` «Տիեզերաբանություն և աստղաֆիզիկա» կենտրոնի ղեկավար Վահագն Գուրզադյանը հիշում է, որ մթնոլորտից դուրս տիեզերքի ուսումնասիրման առաջին աշխատանքներն իրականացվել են Սերգեյ Կորոլյովի բալիստիկ հրթիռների կիրառմամբ։ Սակայն այդ միտքը կոնստրուկտորին, կարելի է ասել, տվել է հենց Գուրզադյանը։

«Հայրս Կորոլյովին առաջարկեց ձևափոխել բալիստիկ այդ հրթիռները (որոնք ստացել էին Ф-5-В անվանումը – խմբ.), որպեսզի գլխիկները տեղավորվեն սարքի մեջ»,– ասում է Գուրզադյանը։

Նա նշեց, որ առաջին գործարկումը փետրվարի 15-ին էր՝ գաղտնի տիեզերակայանից։ Այդ օրը արևի խավարում էր, ու գործարկումը ձախողման էր մատնված. հրթիռը պայթեց որոշակի բարձրության վրա` այդպես էլ թիրախին չհասնելով։ Սակայն փորձարկումներն այդքանով չավարտվեցին։ Հետագայում հրթիռը կրկին գործարկվեց ու անցավ անհրաժեշտ փորձարկումները։

Գուրզադյանի հեղինակած աստղադիտակը տեղադրված է «Կոսմոս 309» հետախուզական արբանյակի (գործարկվել է 1969 թվականին Պլեսեցկի տիեզերակայանից) մոդուլի վրա։ Աստղադիտակը կամ ինչպես այն հաճախ անվանում են՝ «հայկական արբանյակը», առաջին անգամ առանձնացել և ինքնավար դիտարկում է իրականացրել։ Այսօր այդ աստղադիտակը պահվում է Երևանի տիեզերքի թանգարանում։

Իմ Գագարինը, հայերն ու տիեզերքը

Բացի այդ, Գուրզադյանի աստղադիտակների շնորհիվ ուսումնասիրություններ են իրականացվել և ստացվել թույլ աստղերի՝ աշխարհում առաջին ուլտրամանուշակագույն սպեկտրները։ Առաջինը, ով աստղագիտական դիտարկումներ կատարեց «Օրիոն-1» աստղադիտակով մթնոլորտից դուրս, տիեզերագնաց Վիկտոր Պացաևն էր։

Մեկ այլ առանցքային կերպար էր տիեզերական կենսաբանության և տիեզերական բժշկության հիմնադիրներից մեկը` Նորայր Սիսակյանը։ Ինչպես իր հրապարակման մեջ գրում է Դմիտրի Աբազովը, այսօր կենսաքիմիայի մի քանի նոր ուղղությունների համար պարտական ենք Սիսակյանին: Նա նաև տիեզերագնացների ընտրության և նախապատրաստման գիտական սկզբունքների հիմքը դրեց:

Եվ եթե մեկ այլ հիանալի խորհրդային գիտնական Անդրոնիկ Իոսիֆյանի ղեկավարությամբ XX դարի կեսերին մշակվեց ու գործարկվեց «Օմեգա» արբանյակը (նա նաև հրթիռների համար էլեկտրամեխանիկական սարքեր է ստեղծել), ապա լուսնագնացի ինքնագնաց շասիի գլխավոր կոնստրուկտորը ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանն էր։ Նրա մշակման շնորհիվ 1970 թվականին Լուսին է հասցվել աշխարհում առաջին ավտոմատ «Լուսնագնաց-1» կայանը:

Հայն էլ է այնտեղ եղել

Առանձնահատուկ հարկ է ընդգծել ամերիկահայ տիեզերագնաց Ջեյմս Ֆիլիպ Բաղյանի (Կունդեբաղյան) ավանդը, ով 1989 թվականին իր առաջին թռիչքը կատարեց տիեզերք` այն նվիրելով պատմական հայրենիքին։ Նա նաև բժշկական գիտությունների դոկտոր է, երկար տարիներ աշխատել է Լինդոն Ջեքսոնի անվան տիեզերական կենտրոնում, մասնակցել թռիչքներին անձնակազմի նախապաստրաստմանը։

Գունավոր ու բացառիկ. վերականգնվել է 1962 թ.–ի Յուրի Գագարինի ելույթի տեսաձայնագրությունը

Եվս մեկ թռիչք նա իրականացրել է «Կոլումբիա»–ով և ուղեծրում մնացել շուրջ 9 օր` 218 ժամ` 146 պտույտ կատարելով մոլորակի շուրջ։ Պարգևատրվել է NASA–ի հատուկ մեդալով։

Սրանք տիեզերական ծրագրերի զարգացման և տիեզերքի յուրացման մեջ հսկայական ավանդ ունեցած հայ գիտնականների միայն մի քանիսի անուններն են։