Գյումրեցիները դհոլ-զուռնայով են դիմավորել ծանրամարտիկներին. տեսանյութ

Մոսկվայում կայացած մրցաշարում գյումրեցի 5 մարզիկներ նվաճել են 2 ոսկե, 5 արծաթե և 5 բրոնզե մեդալներ։
Sputnik

Գյումրիում  դիմավորել են Մոսկվայից մեդալներով վերադարձած իրենց համաքաղաքացի ծանրամարտիկներին։

Չնայած անձրևին, քաղաքի մուտքը մարդաշատ էր: Գյումրեցիները դհոլ-զուռնայով էին եկել դիմավորելու   ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում լավագույն արդյունքներ գրանցած մարզիկներին։ Մոսկվայում ընթացող մրցաշարում գյումրեցի 5 մարզիկներ նվաճել են 2 ոսկե, 5 արծաթե և 5 բրոնզե մեդալներ։

Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը վնասվածք է ստացել Քարվաճառում՝ խաչքարերը դուրս բերելիս

Քաղաքի մուտքի մոտ բոլոր մարզիկները հայտարարեցին՝  իրենց հաղթանակը նվիրում են պատերազմում զոհված տղաներին:

Ոսկի նվաճած Սամվել Գասպարյանն անկեղծանում է` հաղթանակի զգացողությունն աննկարագրելի է, հակառակորդ երկրին ստիպել են լսել Հայաստանի հիմնը: «Հատկապես, երբ պատվո հարթակին առաջին ու երկրորդ տեղում ես ու ընկերս էինք՝ Արսենը Մարտիրոսյանը, իսկ մեզանից ներքև հակառակորդ երկրի ներկայացուցիչը»,-լրագրողների հետ զրույցում ասում է Սամվելն` իր ու բոլոր ընկերների հաղթանակը նվիրելով Արցախում զոհված տղաների հիշատակին:

Նա պատմում է, որ իր բոլոր հաղթանակներն առաջ նվիրում էր մայրիկին, քեռուն, Յուրի Վարդանյանին, որի տեխնիկան երբեմն օգտագործում է, բայց այս անգամ, միանշանակ, նվիրում է մեր երկրի սահմաններն իրենց կյանքի գնով պահած տղաների հիշատակին:

Հիշեցնենք, 102 կգ քաշային կարգում երկամարտի 390 կգ արդյունքով Սամվել Գասպարյանը Եվրոպայի չեմպիոն է, իսկ փոխչեմպիոն՝ 380 կգ արդյունքով՝ Արսեն Մարտիրոսյանը: Երրորդը ադրբեջանցի Դադաշբայլին էր:

Գոռ Մինասյանն էլ լրագրողներին խոստացավ՝ առաջին իսկ հնարավորության դեպքում հաղթելու է վրացի ծանրորդին:«Օրերից մի օր կստացվի հաղթել: Ամեն մի մրցույթից հետո նոր կիլոգրամներ, անձնական արդյունքների գերազանցում՝ քիչ- քիչ կրճատում ենք տարբերությունը, և օրերից մի օր կգա այն պահը, որ կհասնենք ու կանցնենք»,-նշեց Գոռ Մինասյանը: Գերծանր քաշայինների պայքարում Գոռ Մինասյանը երկամարտի 464 կգ արդյունքով երկրորդն էր` հետ մնալով միայն Լաշա Տալախաձեից:

Գյումրեցի Գոռ Մինասյան (+109 կգ) Մոսկվայից երեք արծաթ է մեդալ է բերել, Վարազդատ Լալայան(+109 կգ)`երեք բրոնզե,  Սամվել Գասպարյանը (102 կգ) ոսկե մեդալակիր է, նա միանգամից երկու ոսկի է նվաճել։ Մեկ արծաթե մեդալ է բերել Հակոբ Մկրտչյան (96 կգ) և մեկ բրոնզե` Ռաֆիկ Հարությունյան (81 կգ)։

Հիշեցնենք` ապրիլի 3-11-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կայացավ Եվրոպայի ծանրամարտի տղամարդկանց 99-րդ և կանանց 33-րդ առաջնությունը, որը, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, հետաձգվել էր նախորդ տարվանից: Հայաստանն առաջնությունում ներկայացրին 14 մարզիկ-մարզուհիներ։