«Վիրավորված» Թուրքիան սառեցրել է Իտալիայի հետ 70 միլիոն եվրոյի գործարքը

Թուրքիան կոշտ քայլերի է գնացել աղմկահարույց դիվանագիտական սկանդալի պատճառով։ Անկարան Հռոմից պաշտոնական ներողություն է պահանջում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Անկարան սառեցրել է իտալական Leonardo ընկերությունից 70 մլն եվրո արժողությամբ ուղղաթիռների գնման գործարքը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով la Repubblica և Il Fatto Quotidiano պարբերականներին։

ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Անդրանիկ Քոչարյանի` Թուրքիայի հետ երկխոսելու մասին հայտարարությունը

Այդ որոշումը կայացվել է երկրների միջև դիվանագիտական սկանդալից հետո, նշում են աղբյուրները։

Ավելի վաղ Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին բռնապետ էր անվանել:

Միաժամանակ Իտալիայի կառավարության ղեկավարն ընդգծել էր նրա հետ համագործակցության անհրաժեշտությունը: Դրագին նաև հայտարարել էր, որ «չի կիսում Էրդողանի անվայել պահվածքը» Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի նկատմամբ:

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անընդունելի և պոպուլիստական հռետորաբանություն է անվանել Թուրքիայի նախագահի հասցեին Դրագիի արտահայտությունները, Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել Է Իտալիայի դեսպանին կանչելու մասին:

Պարբերականի տեղեկություններով՝ թուրքական իշխանությունները Իտալիայի կառավարությունից պաշտոնական ներողություն են պահանջում և չեն պատրաստվում բավարարվել դիվանագիտական ալիքներով ստացված պարզաբանումներով։ «Քանի դեռ Հռոմից պատասխան չկան, Թուրքիայի իշխանությունները սկսել են սպառնալից ազդակներ փոխանցել»,- ասվում է la Repubblica-ի հոդվածում:

Պայքար մաֆիայի դեմ. Իտալիայում հատուկ գործողության ժամանակ մոտ 70 մարդ է ձերբակալվել

Այսպես, այս պահին սառեցվել է ուսումնական ուղղաթիռների գնման 70 մլն եվրո արժողությամբ գործարքը, որը պետք է ստորագրվեր առաջիկա օրերին։ Բացի այդ, նախազգուշացումներ են ստացել երեք այլ իտալական ընկերություններ, որոնց թվում է Թուրքիայում էլեկտրակայաններ կառուցող Ansaldo Energia խոշոր էներգետիկ ընկերությունը։