ՌԱԴԻՈ

Նոր ատոմակայանի կառուցումն իրատեսական չէ. Արմեն Մանվելյան

Իրանագետ-էներգետիկ Արմեն Մանվելյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` նոր ատոմակայան կառուցելու մասին հայտարարությանը։
Sputnik
Նոր ատոմակայանի կառուցումն իրատեսական չէ. Արմեն Մանվելյան

Հայաստանում երկրորդ ատոմակայանի կառուցումն իրատեսական չէ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրանագետ-էներգետիկ Արմեն Մանվելյանը։

«Ատոմակայանը բավականին թանկ արժե, օրինակ` մեկ ռեակտորի գինը մոտավոր 5.5 միլիարդ դոլար է, չեմ կարծում, որ Հայաստանն այդքան գումար ունի կամ էլ ինչ-որ մեկը Հայաստանին 5.5 միլիարդի վարկ կտա»,- ասաց նա։

Ատոմակայանի կառուցման հարցը հարցականի տակ դնող երկրորդ հիմնական պատճառը, ըստ Մանվելյանի, արտադրվող էներգիայի սպառման շուկայի բացակայությունն է։

Քաղաքականացված էներգետիկան, կամ ՀՀ-ում նոր ԱԷԿ-ի կառուցմանը Բաքուն ամեն կերպ խանգարելու է

«Հայաստանի տարեկան պահանջարկը 1300 մեգաբայթ է։ Գոնե այս պահին մնացած արտադրանքը սպառելու տեղ չունենք։ Հիմա ավելի իրատեսական և խելամիտ է գործող ատոմակայանը վերանորոգել և շահագործել, մանավանդ, որ օրինակներ կան, որ այդ կարգի ատոմակայանների գործունեության ժամկետը մինչև 50 տարով (5 անգամ 10 տարի) երկարաձգվել է»,- նշեց Մանվելյանը։

Նրա կարծիքով` նոր ատոմակայանի կառուցման մասին հայտարարություններն արվում են հայաստանյան լսարանի համար` ընտրություններին ընդառաջ։ 

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 7-ին կատարած մոսկովյան այցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում խոսել էր նաև նոր ատոմակայան կառուցելու մասին։