Տաթև Հակոբյանին մեդալ նվաճել չհաջողվեց

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության ավարտին մնացել է մեկ օր։ Ապրիլի 11-ին մրցահարթակ դուրս կգան կանանց ու տղամարդկանց գերծանր քաշային ծանրամարտիկները։ Հայաստանի հավաքականը մեդալների իր հավաքածուն թարմացնելու հնարավորություն դեռ ունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik․ Եվրոպայի առաջնության մրցումների նախավերջին օրը Հայաստանի կանանց հավաքականը 87կգ քաշային կարգում ներկայացրեց Տաթև Հակոբյանը։ Նա երկամարտի 221կգ արդյունքով իններորդն էր։

Հայաստանի կանանց ազգային հավաքականը չկարողացավ հաղթել Հորդանանի թիմին

Տաթև Հակոբյանը պոկում վարժությունում երեք մոտեցումներից իրացրեց միայն մեկը՝ առաջինը. գլխավերևում պահեց 101կգ կշռող ծանրաձողը, բայց հետո երկու անգամ չկարողացավ բարձրացնել 106 կգ քաշը։ Արդյունքում հայ ծանրամարտիկը պոկում վարժությունում զբաղեցրեց յոթերորդ տեղը` ուղիղ 10կգ պարտվելով այս վարժությունում չեմպիոնի կոչում նվաճած Վրաստանի ներկայացուցիչ Անաստասիա Հոդֆրիդին։

Հրում վարժությունում Հակոբյանը նույնպես օգտագործեց առաջին մոտեցումը։ Հայ ծանրամարտիկը բարձրացրեց 120կգ։ Երկրորդ մոտեցումով Տաթևը գլխավերևում պահեց 126կգ կշռող ծանրաձողը, բայց երեք մրցավարներից երկուսը, չգիտես ինչու, չհաշվեցին քաշը մեր մարզուհու օգտին։ Իսկ երրորդ մոտեցման համար պատվիրված 129 կիլոգրամը Հակոբյանը չբարձրացրեց ու երկամարտի 221 կգ արդյունքով զբաղեցրեց 9-րդ տեղը։

«Ուզում եմ Հայաստանի հավաքականում խաղալ»․ Արթուր Գալոյանը` իր նվիրական երազանքի մասին

Այսպիսով Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը մրցումների ավարտից մեկ օր առաջ նվաճել է 5 ոսկե, 6 արծաթե և 6 բրոնզե մեդալ։ Բայց սա դեռ վերջը չէ, քանի որ վաղը մենք մեդալների ենք հավակնում գերծանր քաշային կարգում։ Ապրիլի 11-ին Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ են մտնելու կանանց և տղամարդկանց գերծանր քաշային կարգի ծանրամարտիկները։ 87+կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնելու է Արփինե Դալալյանը, իսկ տղամարդկանց 109+կգ քաշային կարգում մեր երկիրը ներկայացնելու են Գոռ Մինասյանն ու Վարազդատ Լալայանը։

Սամվել Գասպարյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, Արսեն Մարտիրոսյանը` փոխչեմպիոն