Խոստացված 10 միլիոն ծառից ևս 1000–ը տնկվեցին. ապրիլի 25-ը համապետական ծառատունկի օր կլինի

Եվս 100 000 ծառ կտնկվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան հաջորդող օրը՝ ապրիլի 25-ին նախատեսվող համապետական ծառատունկի ընթացքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր Արագածոտնի մարզում պաշտոնապես հայտարարել է «10 միլիոն ծառ» համահայկական նախաձեռնության` 2021 թվականի ծառատունկի մեկնարկը։

Ինչպես հայտնում են նախարարությունից, առաջին 1000 ծառերը տնկվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի Քուչակ գյուղի տարածքում։

Ծառատունկին, նախարարից բացի, մասնակցել են Անտառային կոմիտեի նախագահի ժ/պ Արթուր Պետրոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Պավել Ցուգունյանը, Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Կարեն Մինասյանը, Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը, Անտառագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հասմիկ Խուրշուդյանն ու համալսարանի ուսանողներ, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, «Հայանտառի» աշխատակիցները։

Խոստացված 10 միլիոն ծառից ևս 1000–ը տնկվեցին. ապրիլի 25-ը համապետական ծառատունկի օր կլինի

«Օրվա խորհուրդը մենք պայմանավորել ենք վերածննդի հետ։ Ծառ տնկելն ինքնին, բացի շնորհակալ գործից, հետպատերազմական վերականգնման այս շրջափուլում մեր ժողովրդի, պետության ու պետականության, Արցախի Հանրապետության համար նաև վերածննդի խորհուրդ ունի»,– ասել է նախարար Պետորսյանը։

Խոստացված 10 միլիոն ծառից ևս 1000–ը տնկվեցին. ապրիլի 25-ը համապետական ծառատունկի օր կլինի

Նա նաև հայտնել է, որ «10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակներում ևս 100 000 ծառ նախատեսվում է տնկել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրվան հաջորդող օրը՝ ապրիլի 25-ին հայտարարված համապետական ծառատունկի ընթացքում։

Հիշեցնենք` դեռ 2019թ-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մինչև 2020 թվականի հոկտեմբերի 10-ը Հայաստանում 10 մլն ծառ է տնկվելու: Քանի որ վերջին 30 տարում Հայաստանում անտառները զգալիորեն տուժել են անխնա ծառահատումների պատճառով, վարչապետը կարգադրել էր ուշադիր հետևել անտառների պահպանությանը։

2020 թ-ի ապրիլի 13-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարել էր, որ, հաշվի առնելով նոր կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակը և հնարավոր առողջապահական ռիսկերը` որոշում է կայացվել 10 մլն ծառ տնկելու ծրագրի ժամկետը տեղափոխել 2021թ.-ի վերջ: