Իհարկե չգիտեինք, որ այդպես է լինելու․ Անդրանիկ Քոչարյանը՝ առանց գերիների ինքնաթիռի մասին

Քոչարյանը ենթադրում է, որ հերթական անգամ հակառակորդը խաղի կանոններ է ուզում փոխել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի - Sputnik․ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում փորձեց պարզաբանել երեկվա միջադեպը՝ կապված գերիների չհաջողված վերադարձի հետ։

Գերիների հարազատները Շիրակի մարզում ճանապարհներ են փակել

«Իհարկե չգիտեինք, որ այդպես է լինելու, պայմանավորվածություն է եղել, այն խախտվել է, պատճառները հայտնի չեն: Հնարավոր է, որ ինչ-որ խնդիր է արծարծվում, որը խանգարում է գերիների վերադարձին։ Ինտուիցիայով հասկանում եմ՝ ինչ է կատարվում, բայց այդ մասին հնչեցնել չեմ կարող»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ հավանաբար հերթական անգամ հակառակորդը խաղի կանոններ է ուզում փոխել:

«Գերիների վերադարձի հարցը տեղի ունեցավ ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումից անմիջապես հետո: Դա քայլ էր, որտեղ երևաց, որ Ռուսաստանն իր մասնակցությունը փորձեց ներդնել խնդրի լուծման գործում: Դրանով է պայմանավորված, որ Մուրադովը գնացել էր ուղեկցելու», - նշեց Անդրանիկ Քոչարյանը:

Հիշեցնենք՝ երեկ տարբեր լրատվամիջոցներին (ներառյալ Sputnik Արմենիան) վարչապետի և փոխվարչապետի մամուլի խոսնակները հաստատել էին տեղեկություններն առ այն, որ երեկոյան ռազմագերիներով օդանավ է ժամանելու Երևան։ Սակայն ինքնաթիռում եղել է միայն ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովը։

Ադրբեջանը փորձում է գերիներին չվերադարձնելու արդարացում փնտրել. Աննա Նաղդալյան

Նման անպատասխանատու հայտարարությունը մեծ զայրույթ առաջացրեց հանրության շրջանում։