Հանգչիր խաղաղությամբ. Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հովնանյանի մահվան կապակցությամբ

ՀՀ վարչապետը շեշտել է` անվանի բարերարը ընդմիշտ կմնա որպես հայ ժողովրդի արժանի զավակ, որի գործունեությունը միտված է եղել հայրենիքի առաջընթացին ու շենացմանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոր վշտով է տեղեկացել մեծանուն ձեռնարկատեր և բարերար Հրայր Հովնանյանի մահվան մասին: Վարչապետի մամուլի ծառայությունը հրապարակել է Փաշինյանի ցավակցական հեռագիրը։

«Անգնահատելի է պարոն Հովնանյանի դերը Հայաստանի ու Արցախի զարգացման և կառուցման գործում: Ե՛վ որպես ձեռնարկատեր, և՛ որպես բարերար նա իր հայրենանվեր գործերով միշտ կմնա մեր ժողովրդի վառ հիշողություններում: Հովնանյանի ջանքերով իրականացվել են տասնյակ ծրագրեր, որոնք միտված են եղել աղետի գոտու վերականգնմանը, Գորիս-Ստեփանակերտ մայրուղու կառուցմանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ստեղծմանը, մեր ժողովրդի բազմաթիվ սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծմանը, արտերկրում Հայաստանի ու Արցախի շահերի պաշտպանությանը»,– նշել է Փաշինյանը:

Նրա խոսքով` անվանի բարերարը ընդմիշտ կմնա որպես հայ ժողովրդի արժանի զավակ, որի գործունեությունը միտված է եղել հայրենիքի առաջընթացին ու շենացմանը:

Փաշինյանը ցավակցություն է հայտնել Հովնանյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և ընդհանրապես յուրաքանչյուր հայի:

«Հանգչիր խաղաղությամբ, մեծանուն բարերար»,– եզրափակել է նա:

Հիշեցնենք` ամերիկահայ ձեռնարկատեր, բարերար, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Հրայր Հովնանյանը կյանքից հեռացել է 91 տարեկանում: