Գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման գործում մինչ օրս կատարվել են կիսաքայլեր

ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում անդրադարձել է գյուղատնտեսական կոոպերատիվների գործունեությանը, դրանց հետ կապված խնդիրներին ու զարգացման հեռանկարներին։
Sputnik

Գառնիկ Պետրոսյանի դիտարկմամբ` ընդհանրապես կոոպերատիվների զարգացման գաղափարը դեռ վաղուց է ասպարեզում, տասնյակ տարիներ այդ ուղղությամբ քայլեր են իրականացվել, որոշակի գործողություններ ձեռնարկվել, օրենսդրական խնդիրներն են կարգավորվել, բայցևայնպես, դրանք ընդամենը կիսաքայլեր են, ինչը որևէ կերպ չի նպաստել կոոպերացիայի զարգացմանը Հայաստանում։

Գյուղատնտեսության աճն ու մթերման հետ կապված անորոշությունը, կամ «ճտերն աշնանն են հաշվում»

«Նույնիսկ արհեսատական քայլեր ձեռնարկվեցին։ Խոսքը վերաբերում է, օրինակ, արոտօգտագործողների կոոպերատիվին, որի պարագայում գյուղտեխնիկա, սարքավորումներ ու որոշակի միջոցներ էին տրամադրվում` ստեղծելով գայթակղիչ պայմաններ, սակայն նման կոոպերատիվներն այդուհանդերձ չէին զարգանում, առաջընթաց չէին ապահովում, միայն փոքր մասն է այս կամ այն չափով մինչ օրս գործում»,– նշեց ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարարը։ 

Պետրոսյանի կարծիքով` ներկայում գյուղատնտեսության ոլորտում կոոպերատիվները որևէ կերպ էական դերակատարություն չունեն, տնտեսությունը հիմնականում առաջ է մղվում մենատնտեսների միջոցով, որոնց քանակը Հայաստանում, տարբեր տվյալներով, կազմում է 320–ից 340 հազար, և աշխարհում դժվար է գտնել այսպիսի երկիր, որտեղ փոքր հողատարածքների պայմաններում այսքան մեծ թվով հողօգատգործողներ լինեն, մինչդեռ փոքրածավալ հողակտորների վրա արդյունավետ գյուղատնտեսություն զարգացնելն, ըստ Պետրոսյանի, գրեթե անհնար է։

Գյուղատնտեսության ոլորտի մասնագետներին կառավարությունը համառորեն չի լսում. Սեդրակյան