Տավուշը նոր մարզպետ ունի. ի՞նչ կապ ունի նա Փաշինյանի հետ

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը պաշտոնից ազատվել էր ապրիլի 1-ին և նախարար նշանակվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Հայկ Ղալումյանը նշանակվեց Տավուշի մարզպետ: Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։ Ղալումյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար։

«Վստահեցնում եմ ձեզ, որ ոչինչ չեմ խնայելու Տավուշի մարզի տնտեսական զարգացման և մեր ժողովրդի բարեկեցության համար»,– ասաց նա։

Նշենք, որ 2010-2019թթ.–ին Ղալումյանը զբաղեցրել է «Հայէկոնոմբանկի» Իջևանի մասնաճյուղի կառավարչի պաշտոնը։

2019թ սեպտեմբերի 12-ին նշանակվել է ՀՀ Տավուշի մարզի Իջևանի քաղաքային համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

Ըստ մամուլի` ծնունդով իջևանցի Հայկ Ղալումյանը Նիկոլ Փաշինյանի քավորն է։ ՀՀ վարչապետի այսօրվա որոշմամբ նա ազատվել էր Իջևանի քաղաքային համայնքի ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնից։

Հիշեցնենք` ապրիլի 1–ին կառավարության նիստում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ազատվեց պաշտոնից և նշանակվեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար` այդ պաշտոնում փոխարինելով Հակոբ Արշակյանին: