Կյանքի 99–րդ տարում մահացել է գեղանկարիչ Արմեն Աթայանը

Նկարիչների միությունն իր ցավակցությունն է հայտնում Արմեն Աթայանի ընտանիքին և հարազատներին ու տեղեկացնում հոգեհանգստի և վերջին հրաժեշտի տեղն ու ժամը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի- Sputnik. Կյանքի 99–րդ տարում այսօր մահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ, գեղանկարիչ Արմեն Աթայանը:

Նկարիչների միության Facebook–յան էջը հայտնում է, որ նկարչի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլ 9-ին Մալայանի անվան ակնաբուժական հիվանդանոցի դիմաց գտնվող սգո սրահում, հուղարկավորությունը՝ ապրիլ 10-ին, ժամը՝ 13:00-ին նույն վայրից:

Արմեն Աթայանը ծնվել է 1922 թվականին:  1941 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1952 թվականին՝ Երևանի գեղարվեստի ինստիտուտը:

1954 թվականից Աթայանը ստեղծագործել է Կիևում, իսկ 1965-ից՝ Երևանում: Դասավանդել է ԵԳԻ-ում։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին (1941-1945)։

Հեղինակ է բնանկարների, դիմանկարների և նատյուրմորտների, որոնց բնորոշ է քնարական պայծառ երփնագիրը։ Արմեն Աթայանը անհատական ցուցահանդեսներ է ունեցել Ուկրաինայում, Երևանում: