«Կարմիր բլուր» հնավայրում ուրարտական շերտ է հայտնաբերվել, պեղումները շարունակվում են

Հայտնաբերված գտածոներից կարելի է ենթադրել, որ այդտեղ կյանք է եղել, մարդիկ գործունեություն են իրականացրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Կարմիր բլուր» մասնաճյուղում իրականացվում են պեղումներ, որոնք դրական արդյունք են տվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը։

Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման Արգավանդ-Շիրակ հանգույցը կապող հատվածի շինարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է խեցեղեն, ինչի մասին շինաշխատողները տեղեկացրել են «Կարմիր բլուր» մասնաճյուղի ղեկավար Վահե Սարգսյանին:

Տարածքն ընդգրկում է 25 քմ, շինարարական աշխատանքներն այդտեղ դադարեցվել են:

«Կարմիր բլուր» հնավայրում ուրարտական շերտ է հայտնաբերվել, պեղումները շարունակվում են

ԿԳՄՍ նախարարության թույլտվությամբ՝ «Էրեբունի» թանգարանի՝ պեղումներ իրականացնող խումբը՝ թանգարանի տնօրեն, հնագետ Միքայել Բադալյանի ղեկավարությամբ, ապրիլի 3-ից ձեռնամուխ է եղել տարածքում պեղումներ կատարելու աշխատանքներին՝ կամավոր հիմունքներով:

Պեղումները լուրջ շերտեր կբացահայտեն ուրարտական ժամանակաշրջանի վերաբերյալ. Բադալյան

«Ըստ Միքայել Բադալյանի՝ տարածքի որոշ հատված վնասված է՝ պայմանավորված դեռևս խորհրդային շրջանից մեքենաների երթևեկությամբ: Կտրվածքի անխաթար հատվածում էլ հայտնաբերվել են խեցեղենի տարբեր նմուշներ, որոնց թվում՝ սափորի բեկոր՝ փայլանախշերով և գծանախշերով, վերնախավային ուրարտական խեցեղենի համադրություն, թասի, տեղական սափորների տարբեր բեկորներ, որոնք թվագրվում են Ք.ա. 8-6-րդ դարերով: Որպես քիչ հանդիպող բացառիկ նմուշ՝ առանձնանում է սեպանախշերով խեցեղենի մի բեկոր, որը կհամալրի թանգարանի հավաքածուն» , – նշված է հաղորդագրության մեջ:

Գտնված խեցեղենը թանգարանի վերականգնման և ամրակայման լաբորատորիայում լվացվում և մաքրվում է, որոշ բեկորներ ամրացվում են, ինչը որոշակի պատկերացում է տալիս ամբողջական իրի մասին:

Հայաստանում իրականացված բացառիկ պեղումների հնգյակը. գտածոները տանում են մինչև մ.թ.ա.

Աշխատանքային խմբի ղեկավար Բադալյանը նշել է, որ արդեն երևում են կանոնավոր քարերով շարված կառույցի հետքեր։

«Այս պեղումները հուշում են, որ սա կարևոր սկզբնաղբյուր կարող է լինել: Գտածոներից կարելի է ենթադրել, որ այստեղ կյանք է եղել, մարդիկ գործունեություն են իրականացրել, իսկ թե ինչպիսի, կիմանանք մի քանի օրից, երբ հասնենք կտրվածքի այդ շերտին, որն արդեն երևում է: Հնարավոր է նաև՝ դամբարան լինի»,–նշված է հաղորդագրության մեջ:

Պեղումների՝ թույլտվությամբ սահմանված ժամանակահատվածով աշխատանքները կավարտվեն ապրիլի 11-ին: Ըստ ընդունված կարգի՝ եռամսյա ժամկետում ԿԳՄՍՆ-ին կտրվի համապատասխան եզրակացություն, և կտպագրվեն գիտական հոդվածներ:

Նշենք, որ Երևանը շրջանցող ճանապարհ է կառուցվում։ Տևական ժամանակ է` Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի մաս կազմող Բաբաջանյան-Աշտարակ, Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածներում շինարարական աշխատանքներ էին ընթանում: Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի ամբողջ երկարությունը 2.7 կմ է, իսկ միջին լայնությունը՝ 26 մ: Այն ներառում է նաև Հրազդան գետի վրա 252 մետր երկարությամբ և 28 մետր լայնությամբ մետաղական կամուրջը: Աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա երկրորդ կեսին:

Մեծամորի պեղումների գտածոները զարմացրել են միջազգային հնագետներին