Ժուռնալիստների միության անդամները ՀՀ նախագահին են ներկայացրել իրենց մտահոգությունները

Նախագահ Սարգսյանն ասել է, որ տեղյակ է օրենքում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ լրագրողական և փորձագիտական հանրության մտահոգություններին և դրանց արձագանքելով է հանդիպում ոլորտի ներկայացուցիչների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանին և միության վարչության պատվիրակությանը: Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Վիրավորանքի համար` 3, զրպարտության համար՝ 6 մլն. Ալեն Սիմոնյանը վերանայել է իր նախագիծը

Տեղեկացվում է, որ հանդիպմանն անդրադարձ է եղել Ազգային ժողովի ընդունած և Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքին:

Հայաստանի ժուռնալիստների միությունն Ազգային ժողովի կողմից հիշյալ օրենքն ընդունելուց անմիջապես հետո հանդես էր եկել հայտարարությամբ՝ մասնավորապես նշելով, որ առաջարկվող փոփոխություններն էական վնաս կհասցնեն խոսքի ազատությանը:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ տեղյակ է օրենքում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ լրագրողական և փորձագիտական հանրության մտահոգություններին և դրանց արձագանքելով է հանդիպում ոլորտի ներկայացուցիչների հետ՝ նպատակ ունենալով ևս մեկ անգամ անմիջականորեն լսել նրանց տեսակետը:

Հանդիպման մասնակիցներն այսօր նախագահ Սարգսյանին ներկայացրել են օրենքի վերաբերյալ իրենց դիրքորոշումն ու անհանգստությունները:

Վիրավորանքին ու զրպարտությանն առնչվող նախագիծը դեմ է խոսքի ազատությանը. Մելիքյան

Անդրադարձ է եղել նաև մամուլի ու լրագրության ոլորտի ներկա վիճակին և առկա խնդիրներին:

Ավելի վաղ խորհրդարանը հավանություն էր տվել Քաղաքացիական օրենսգրքում Սիմոնյանի առաջարկած փոփոխություններին, որոնք ենթադրում են վիրավորանքի փոխհատուցման չափը 1 մլն դրամից հասցնել 3 – ի, իսկ զրպարտության դեպքում ՝ 2-ից 6 մլն դրամի: