Հայկական բահն ընդդեմ ադրբեջանական տրակտորի. ի՞նչ է կատարվում առաջնագծում պատերազմից հետո

Պատերազմի ավարտից գրեթե կես տարի անց Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին մարտական հերթապահության պայմանները ծայրահեղ ծանր տպավորություն են թողնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Արյունահեղ պատերազմից հետո հայ-ադրբեջանական սահմանի, ինչպես նաև Արցախի շփման գծում նոր տեղամասերի մեծ մասը մինչև հիմա ապահովված չեն անհրաժեշտ ինժեներական սարքավորումներով:

Կապանից մի քանի կիլոմետրի վրա էքսկավատորը նոր սահմանագիծ է փորում

Այնտեղ մարտական հերթապահություն իրականացնող հայ զինծառայողները զրկված են տարրական պայմաններից, ինչի մասին վկայում են ինչպես համացանցում պարբերաբար հայտնվող տեսահոլովակները, այնպես էլ մասնավոր զրույցները զինծառայողների հետ:

Տխրահռչակ սահմանագծման ու սահմանազատման հետևանքով նոր սահմանային հատվածներ են հայտնվել Գեղարքունիքում, Վայոց Ձորում ու Սյունիքում: Այդ հատվածներում ամրաշինական կառույցներն ու հենակետերը հասկանալի պատճառներով զրոյից են կառուցվում։ Բայց խնդիրն այն է, որ դա չափազանց դանդաղ տեմպերով է տեղի ունենում։ Չկան բլինդաժներ, զինվորները ստիպված են հին վրաններում մնալ: Շուշիից ոչ հեռու գտնվող Լիսոգորում աղաղակող դեպք էր գրանցվել, երբ փոթորկոտ քամին պատռել ու մաս-մաս էր արել վրանը, և զինվորներն առանց տանիքի էին մնացել:

Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ հարցում էր ուղարկել պաշտպանության նախարարություն՝ պարզելու, թե ինչու մինչ օրս լուրջ աշխատանքներ չեն կատարվել։

ՄԻՊ-ն առաջարկում է սահմանազատում անելիս դիտարկել Հայաստանի 1–ին Հանրապետության քարտեզները

Գերատեսչությունում պարզաբանել էին, որ ինժեներական աշխատանքներն իրականացվում են անընդհատ, աշխատանքների ընթացքը երբեմն դանդաղեցնում են լեռնային բարդ ռելիեֆն ու անբարենպաստ եղանակային պայմանները: Շատ հատվածներում տեղանքը ճահճացած է, ինչը նույնպես ազդում է աշխատանքների իրականացման տեմպերի վրա։

Բայց եթե դանդաղ տեմպը կարելի է բացատրել բարդ տեղանքով և մարդաբոյ ձնակույտերով, ինչպես ասում են նախարարությունում, ապա անհասկանալի է՝ ինչու է նույն իրավիճակը տիրում նաև Արցախում, որի տարածքը հարթավայրային է։

Sputnik Արմենիայի զինծառայող զրուցակիցները նշում են, որ 44-օրյա պատերազմից հետո մարտական հերթապահություն իրականացնելու պայմանները շատ հատվածներում պարզապես սարսափելի են։ Զինադադարից 5 ամիս անց նոր սահմանագծերում ինժեներական աշխատանքներն իրականացվել ու իրականացվում են ձեռքով, մինչդեռ ադրբեջանական կողմը սեփական ամրաշինական կառույցները կառուցելիս ակտիվորեն տրակտորներ է օգտագործում:

 «Դեկտեմբերին, օրինակ, ստիպված էինք բահով սառած հողը փորել, միևնույն ժամանակ մենք հստակ տեսնում էինք, թե ինչպես է հակառակորդի էքսկավատորն ընդամենը մի քանի ժամվա ընթացքում բավականին լավ խրամատ փորում։ Երբեմն այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ղեկավարությունը մեզ բախտի քմահաճույքին է թողել։ Հավատացեք, որ հրադադարի 5 ամիսների ընթացքում սոցիալ-կենցաղային պայմանների ոչ մի լուրջ բարելավում չենք տեսել», - ասաց զինվորականներից մեկը, որը չցանկացավ, որ իր անունը հրապարակվի։

Նա մեզ ցույց է տալիս խրամատների լուսանկարներ, որոնք հասկանալի պատճառներով չենք կարող հրապարակել։ Առանց չափազանցության ասենք, որ բավականին անմխիթար տեսարան է։ Անվտանգ հերթապահության գոնե նվազագույն պայմաններ ապահովելու մասին խոսք անգամ չկա։

Եթե մի բան լինի, իսկ հրադադարի փխրուն լինելու մեջ որևէ մեկը կասկած չունի, հակառակորդի կրակից թաքնվելը գրեթե անհնար կլինի։ Բայց ավելի շատ տխրեցնող է թվում բանակային և քաղաքական ղեկավարության համատարած անտարբերությունը։ Եվ եթե պատերազմի ավարտից հետո առաջին օրերին տոտալ խառնաշփոթն ու քաոսը ինչ-որ կերպ կարելի էր արդարացնել, ապա միանգամայն անհասկանալի է, թե ինչու է այդ քաոսը պահպանվում կես տարի անց։ Այս ամենևին էլ ոչ հռետորական հարցի պատասխանը մենք փորձեցինք ՊՆ մամուլի ծառայությունից, սակայն մեզ չհաջողվեց կապ հաստատել ծառայության ղեկավարության հետ։

Սահմանային լուրերի պատճառով Տավուշում որոշ ներդրողներ կասեցրել են իրենց ծրագրերը