Անընդունելի է պետտուրքն այդքան բարձրացնել. Թաթոյանն առաջարկում է վերանայել նախագիծը

Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է ԱԺ–ում քննարկված նախագծին, որով դատարան դիմելու համար նախատեսված պետտուրքը մի քանի անգամ բարձրացվում է։ Թաթոյանն առաջարկում է նվազեցնել սահմանված գումարների չափը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի - Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում դատարան ներկայացվող դիմումների համար պետական տուրքի դրույքաչափերի 2-ից մինչև 10 անգամ ավելացումը: Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նման հաղորդագրություն է տարածել` անդրադառնալով օրենքի նախագծին։

ՓՊ–ն կոչ է անում պետական տուրքի արտոնություն կիրառել անհետ կորածների գործերով

Նշենք, որ «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում փոփոխություններև լրացումներ կատարելու մասին» նախագիծն ԱԺ–ում առաջին ընթերցմամբ ներկայացվել է։ Ըստ այդմ, առաջարկվում է նվազագույն պետտուրքը 1500 դրամից դարձնել 6000 դրամ։ Բացի այդ, առաջին ատյանի դեպքում սահմանվում է մինչև 25 մլն, վերաքննիչ դեպքում՝ մինչև 15 մլն, վճռաբեկի դեպքում՝ մինչև 10 մլն պետտուրք։

«Պետտուրքի բարձրացումը կարող է խոչընդոտներ ստեղծել մարդկանց խախտված իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու հարցում»,–արձագանքել է Արման Թաթոյանը։

Նա առաջարկել է նախագծով նախատեսված պետական տուրքի դրույքաչափերը վերանայել և նվազեցնել, ինչպես նաև պահպանել տուրքի վճարման գծով առկա արտոնությունները:

Պաշտպանի խոսքով`արդարադատության իրականացման գործընթացի շահառուն ողջ հասարակությունն է, ուստի առնվազն արդարացված չէ դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ ծախսերի վճարման ողջ բեռը միայն դատավարության մասնակիցների վրա դնելը:

ՄԻՊ–ը նկատում է, որ որպես պետական տուրքի դրույքաչափերը բարձրացելու հիմնավորում՝ նախագծում նշվել է նվազագույն աշխատավարձի ցուցանիշը, որը 2003 թվականի դրությամբ կազմել է 13.000 դրամ, իսկ 2020 թվականին՝ 68.000 դրամ՝ աճելով 5.2 անգամ: Սակայն պաշտպանի աշխատակազմի վերլուծությունը ցույց է տալիս, որ 2003-2020 թթ. ընկած ժամանակահատվածում, նվազագույն աշխատավարձի աճին զուգահեռ, աճել են նաև սպառողական ապրանքների, ծառայությունների և այլնի գները:

Դատարան դիմելը կթանկանա. վարորդներն իրենց խախտումները բողոքարկելու համար պետտուրք կվճարեն

Մեկ այլ փոփոխությամբ էլ վերացվում են նաև պետտուրքի գծով առկա որոշ արտոնություններ, ինչի արդյունքում ստացվում է, որ ֆիզիկական անձինք և ոչ առևտրային կազմակերպությունները դրա վճարումից չեն ազատվում։ Ըստ ՄԻՊ-ի` խնդրահարույց է, որ նշված արտոնությունները վերացնելու անհրաժեշտության վերաբերյալ որևէ հիմնավորում և անդրադարձ չկա նախագծի հիմնավորումներում: